ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԼՂ Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտ տեղակայված ռուս խաղաղապահները ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են աշխատանքների անվտանգությունը։
Հորատման, պոմպակայանի եւ խողովակների տեղադրման նախօրեին խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն ականազերծել են տարածքը եւ հեռացրել վտանգավոր առարկաները:
Հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով մաքրվում է հորատանցքի հարակից տարածքը։
Տարանցիկ ջրատարն ապահովելու է Կարմիր շուկա եւ Թաղավարդ բնակավայրերի ջրամատակարարումը։ Հաջորդ շաբաթ արդեն իսկ Թաղավարդի ու Կարմիր Շուկայի մոտ 2000 բնակիչ ապահովված կլինի խմելու ջրով:
Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա տասը բնակավայրերում շուրջ 5000 բնակիչ կապահովվի խմելու ջրով։