Ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուն պետությունից աջակցություն կստանա։ Կառավարությունը օգոստոսի 12-ին հաստատել է ծրագիրը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին նախատեսվում է տրամադրել աջակցություն այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով՝ մեկ տարի առավելագույն ժամկետով: Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500000 դրամի չափով:
Մկրտչյանը հավելել է, որ հնարավոր մեծ պահանջարկի դեպքում ծրագիրը կարող է վերաձեւակերպվել զբաղվածության առանձին ծրագրի`առանձին ֆինանսավորմամբ։ Այս տարի կիրականացվի զբաղվածության կարգավորման 2021-ի պետական ծրագրին բյուջեի շրջանակում հատկացված գումարներով։
Որոշումը տարածվում է 2021-ի ապրիլի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։