Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։
Հուլուսի Աքարը հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի շահագործմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված քննարկումները շարունակվում են:
Նա շեշտել է, որ օդանավակայանի հետագա կառավարման հարցը կորոշակիանա առաջիկա օրերին՝ հավելելով, որ Անկարան մտադիր չէ որեւէ կերպ վտանգել թուրք զինծառայողների կյանքը։
Աքարը հիշեցրել է, որ թուրք զինվորականները վեց տարի շարունակ ապահովում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումն ու անվտանգությունը։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է համապատասխան պայմանների սահմանման դեպքում Քաբուլի օդանավակայանի կառավարումը շարունակելու՝ Անկարայի պատրաստակամությունը:
Հուլուսի Աքարը հայտարարել է նաեւ, որ օդանավակայանի փակման դեպքում դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները կլքեն Աֆղանստանը։
«Իրադարձությունների նման զարգացումը չի համապատասխանում աֆղանական եղբայրական ժողովրդի շահերին: Հետեւաբար մենք կարեւոր ենք համարում օդանավակայանի շահագործումը շարունակելը եւ այդ հարցը մեր գործընկերների հետ քննարկելը։ Քաբուլի օդանավակայանի շուրջ երկխոսությունը շատ կարեւոր է։ Թուրքիայի բոլոր համապատասխան կառույցները համակարգված ջանքեր են գործադրում»,- ընդգծել է թուրք նախարարը։
Պաշտոնական այցով Իսլամաբադում գտնվող Աքարը հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի եւ պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։