Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, թե հայկական կողմը փորձում է խուսափել ստանձնած պարտավորություններից:
«Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ասվում է՝ «կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերի վրա»: Հարկ է ընդգծել, որ «կանգ առնել» չի նշանակում «մնալ»: Դա այդպես է թե՛ ռուսերեն, որով կազմվել է հայտարարությունը, եւ թե՛ ուրիշ լեզուներով»,- պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ եռակողմ հայտարարության 3-րդ կետով ռուսաստանցի խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»: 4-րդ կետով էլ սահմանվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը: 6-րդ կետով սահմանվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ այսպիսով՝ «եռակողմ հայտարարությամբ հստակ նշվում է, որ հայկական զինված ստորաբաժանումները դուրս են բերվում Ադրբեջանի տարածքից, եւ ոչ մի դեպքում չեն ենթադրվում դրանց տեղափոխումը եւ տեղակայումը»:
Պաշտոնական Բաքուն պնդել է, թե հայկական կողմը կա՛մ չի ըմբռնել ստորագրած փաստաթղթի էությունը, կա՛մ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջ ծավալով կատարել դրա պահանջները՝ հավելելով, թե «նման կեցվածքը վկայում է այդ երկրի ապակառուցողական դիրքորոշման մասին: