ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ստորագրել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Հիմք ընդունելով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները:
Հրամանում նշված է, որ որս պետք է իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների եւ հիշատակի օրերին։
Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի արտոնագրեր, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջեւ։
«Որսորդությամբ զբաղվող եւ համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում եմ որսի շրջանում ապահովել եւ խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով եւ, ինչն ամենակարեւորն է, բնության նկատմամբ դրսեւորել առավելագույն հոգատարություն»,- ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է նախարարը։
Ռոմանոս Պրտրոսյանը շեշտել է, որ որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է շրջակա միջավայրի նախարարության եւ պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում: