Ինչի՞ համար է խորհրդարանական կառավարման համակարգով երկրում խորհրդարանը։ Այո՛, ճիշտ եք, որպեսզի օրենքներ ընդունի՝ հիմնականում միտված մարդկանց կյանքը հեշտացնելուն, երկրի զարգացման հնարավորություններ ստեղծելուն, առաջացող ճգնաժամային իրավիճակները հաղթահարելուն եւ այլն։ Նման երկրներում խորհրդարանը նաեւ կառավարության գործունեությունը վերահսկելու համար է ։
Ինչի՞ համար է խորհրդարանական կառավարման համակարգով երկրում քաղաքական մեծամասնությունը, կամ, եթե մեծամասնություն առկա չէ, ինչի՞ համար է կոալիցիա կազմվում։ Այո՛, ճիշտ եք՝ կառավարություն ձեւավորելու համար, որ վերջինս հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, որոնք հիմնականում միտված կլինեն մարդկանց կյանքը հեշտացնելուն, երկրի զարգացման հնարավորություններ ստեղծելուն, առաջացող ճգնաժամային իրավիճակները հաղթահարելուն եւ այլն։
Իսկ ինչի՞ համար է խորհրդարանական երկրում ընդդիմությունը։ Այո՛, ճիշտ եք՝ որպեսզի անորակ օրինագծերն ու գործող կառավարության գործունեությունը քննադատի, փոփոխություններ առաջարկի, վերահսկի վերջինիս, իսկ իշխող ուժն ու նրա կազմած կառավարությունն էլ միշտ զգոն լինեն։
Երեք հարցի պատասխաններից պարզ է, որ խորհրդարանը գործ անելու, այսինքն՝ աշխատելու համար է։
Հիմա նայե՛ք հայոց այս նոր խորհրդարանին։ Արդեն տասն աշխատանքային օր այն գործում է, բայց դեռ չի աշխատում, ղեկավար մարմիններ է իբր ձեւավորում։ Կասեք՝ դե, էդպես է, առաջին նստաշրջանը հենց մարմինների ձեւավորմանն է նվիրված լինում։
Համաձայն եմ։ Բայց մի՞թե կարելի էր այդքան ջուր ծեծել մի հասարակ հարց լուծելու, օրինակ՝ ընդդիմության առաջարկած թեկնածուին ԱԺ փոխխոսնակ ընտրելու համար։ Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ տեղն իրենց է հասնում։ Իրենք էլ համապատասխան անձին են առաջարկում։ Իմաստը ո՞րն էր մեկ օրից ավելի հարցեր տալու, երկու անգամ չընտրելուց հետո մի կերպ ընտրելու։
Ենթադրենք՝ Գարսեւանը չէ ընդդիմության թեկնածուն, Զառնշանն է, դրա ընտրությունից ի՞նչ է փոխվում։ Ինչի՞ էր պետք էդքան ձգձգել այդ «ընտրությունը»։ Պարզ չէ՞, որ մեծամասնություն կազմող ուժը ընդամենը երեխայական (եթե հայհոյանքի քրեականացման օրենքն արդեն ուժի մեջ է՝ ձեռնպահ մնամ «լկստված երեխայական» ասելուց) խաղ է խաղում՝ կուզենամ ձեզ կընդունեմ մեզ հետ «բռնոցի-պպզոցի» խաղալու, չուզենամ՝ կասեմ «հլը մի քիչ սպասիր, ապե»։
Շարունակեմ. «Նիկոլը» հայհոյա՞նք է։
Ես էս հարցը չեմ տալու քաջնազարաբար ԱԺ նախագահ դարձած եւ սահմանափակումներին «համակարգել» ասող անձնավորությանը։ Անհույս է։ Նրա դեմագոգիան տիեզերքից ավելի անսահման է, եւ միեւնույնն է, ինքը չի հասկանալու պարզագույն հարցը կամ էլ իրեն համապատասխան չհասկացող արարածի տեղ է դնելու։ Ես հարցս ուղղում եմ ՔՊ խմբակցության քիչ թե շատ մտածող (պատկերացրեք՝ կան այդպիսիք) մարդկանց։ Եթե «Նիկոլը» հայհոյանք է, ապա ձեր կուսակցության առաջնորդին ասեք՝ անունը փոխի։
Դառնանք ընդդիմությանը. հասկացանք՝ Նիկոլը (Սիմոնյան Ալենի ձեռին ճար լիներ հոսանքս կանջատեր) ձեր բնութագրմամբ «կապիտուլյանտ» է եւ «հողատու»։ Բայց խորհրդարանում հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս էդ բառերի առիթով կամ անառիթ անընդհատ կրկնությունը երկրին ու ձեր ընտրողներին ի՞նչ oգուտ է տալիս։ Դրանից սահմաններում լարվածությո՞ւնն է թուլանում, թե՞ գնաճն է դանդաղում։
Մի՞թե ավելի լավ չէ արագ ավարտել հանձնաժողովների ղեկավարների ընտրությունը, ձեւավորել էդ անտեր հանձնաժողովներն ու սկսել աշխատել նույն այդ սահմանային լարվածությունները թուլացնելու ուղղությամբ նաեւ։ Ընդ որում՝ հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում էլ ջուր ծեծելու կարիք չկար։ Եթե այսքան հանձնաժողովի նախագահ ըստ «Դոդի բանաձեւի»… ներողություն՝ «Դոնթի բանաձեւի» հասնում է մեծամասնությանը, իսկ այսքան՝ ընդդիմությանը, էլ ի՞նչ կարիք կար երկար-բարակ քննարկելու թեկնածուներին։
Գուցե պետք է Սահմանադրության մեջ եւ օրենքներում փոփոխություն անել ու խորհրդարանի բոլոր պաշտոննե՞րը դարձնել նշանակովի. սրանց նշանակում է մեծամասնությունը, սրանց՝ ընդդիմությունը, միեւնույնն է, մեծամասնության ոչ մի «ընտրություն» չի կատարվում առանց վսեմաշուք վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի (տեսա՞ք՝ ինչ հարգալից գրեցի) անմիջական հրահանգի, ընդդիմության ոչ մի նշանակում էլ չի կատարվում առանց իրենց կուսակցությունների ղեկավարների հրահանգների… նշանակեք պրծե՛ք, էլի…
Հիմա հարցս արդեն երեք խմբակցություններին՝ «մինչեւ ե՞րբ եք գործ անելու փոխարեն «դուռակ-սամ դուռակ» խաղալու, կամ մինչեւ ո՞ւր է հասնելու փոխադարձ բացահայտումների ձեր էս շիլաշփոթը։
Գիտեմ, որ միամիտ բան եմ ասում, բայց, համենայն դեպս, ասեմ. հերի՛ք է, անընդհատ իրար մեղադրելը դեպի նոր պարտություններ ու անդունդներ տանող ճանապարհ է։
Եվ հատկապես մեծամասնությանն ասեմ. ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ընդդիմությանը հատկացված հանձնաժողովի նախագահը ով կլիներ։ Մեկ է, էդ 71 հոգիդ էլ արդեն անցած տարիներին գոնե մի բան՝ կոճակների տեղը, սովորել եք, անսխալ գիտեք, թե որ պահին որ կոճակը պիտի «ինքնասեղմվի»՝ հանճարեղ առաջնորդի սաստող հայացքը միշտ ծոծրակին զգալով, իսկ կառավարության ներկայացրած ցանկացած նախագիծ էլ «ադաբրյամսով» պիտի ընդունվի։
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն արդեն ընտրվել են։ Այսուհանդերձ, մի խորհուրդ ընդդիմությանը. եթե իշխանության որեւէ ներկայացուցիչ ձեզ կամ ձեր շեֆերին որակումներ է տալիս, մի՛ հակադարձեք նույն կերպ։ Մի խորհուրդ մեծամասնությանը. եթե ընդդիմության այս կամ այն արտահայտությունը ձեզ հայհոյանք է թվում կամ վիրավորանք, մի՛ հակադարձեք նույն կերպ, առավել եւս ալենաբար մի՛ անջատեք խոսափողը։ Շատ արագ կտեսնեք, որ երկու կողմից էլ «դուռակ»-ները պակասեցին։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։