Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ Արցախի պաշտպանության բանակի հայտարարությունը։
ՌԴ ՊՆ-ի օգոստոսի 12-ի ամենօրյա տեղեկագրում նշված է, որ անցած 1 օրում արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021-ի օգոստոսի 11-ին՝ 7։29-ին եւ 7։58-ին, ադրբեջանական զինուժը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել լարված իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն:
Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Տեղեկագրում նշված է նաեւ, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից եւ պայթուցիկ առարկաներից: Նածորդ տարվա նոյեմբերի 23-ից սկսած պայթուցիկներից մաքրվել է 22425 հա տարածք, 6723 կմ ճանապարհ, 1922 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25795 պայթուցիկ առարկա: