ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաեւ Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե Արցախի պաշտպանության բանակը խախտել է հրադադարը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այս գիշեր՝ 2:30-ին, «հրաձգային զենքից գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական բանակի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Յուխարի Վեյսելի, Խոջալուի շրջանի Սղնախ բնակավայրերում եւ Շուշիի մերձակայքում»: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի զլացել պնդել, թե «այդ ուղղություններով կրակը վարվել է ապօրինի հայկական ջոկատների կողմից, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները»: