Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը հինգշաբթի գրավել է Աֆղանստանի շրջկենտրոններից եւս մեկը: Ղազնիի առումը նշանակում է, որ ծայրահեղ մահմեդական ուժերը երկրի մայրաքաղաքից այժմ ընդամենը 150 կմ հեռավորության վրա են:
Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղազնին ձգվում է Քաբուլ-Քանդահար մայրուղու երկայնքով եւ մայրաքաղաք տանող ճանապարհին դարպաս էր ծառայում: Երկրի ղեկավարությանը խիստ մտահոգում է քաղաքային իշխանությունների շատ հեշտությամբ հանձնվելու հանգամանքը:
Խաղաղ կարգավորման ծրագիր
Ըստ աֆղանական Ariana News հեռուստաալիքի՝ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլայի՝ «Թալիբանի» Քաթարում գտնվող բանագնացներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին, ինչպես նաեւ Պակիստանին խաղաղ կարգավորման ծրագիր են առաջարկել: Նրանք իշխանությունը կիսելու առաջարկ են արել՝ հորդորելով դադարեցնել մարտերն ու արյունահեղությունը:
Հանդիպման ընթացքում Աբդուլան ասել է, որ «Թալիբանի» հետ քաղաքական համաձայնության հասնելու գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը:
Դոհայի հանդիպումների շարքը աֆղանական խնդրի կարգավորման շուրջ սկսվել է երեքշաբթի՝ օգոստոսի 10-ին: Մասնակիցները քննարկել են իրավիճակի խաղաղ կարգավորման հեռանկարները՝ Աֆղանստանում սրված իրադրության խորապատկերին:
Հազիվ թե ընդունի առաջխաղացումը դադարեցնելու որեւէ առաջարկ
«Թալիբանը», սակայն, դժվար թե ընդունի առաջխաղացումը դադարեցնելու որեւէ առաջարկ, երբ արդեն իսկ իր վերահսկողությունն է հաստատել երկրի ամբողջ հյուսիսային ու արեւմտյան հատվածներում: «Թալիբանը» հիմա էլ շարժվում է դեպի Հերաթ եւ Քանդահար: Նահանգային երեսունչորս կենտրոններից տասն արդեն «Թալիբանի» վերահսկողության տակ են:
Լաշքար Գահ քաղաքի բանտից «Թալիբանն» ազատ է արձակել բոլոր բանտարկյալներին եւ իր վերահսկողության տակ առել ոստիկանական ուժերը:
«Արեւմտյան մշակույթից չհրաժարվողներին սպանելու են»
«Թալիբանի» ղեկավարները պնդում են, որ իրենք էին ժամանակին Աֆղանստանի կառավարիչները, եւ որ իրենց կառավարությունը տապալվեց, երբ քսան տարի առաջ այստեղ մուտք գործեցին ամերիկյան ուժերը: «Իսկ արեւմտյան մշակույթից բոլոր չհրաժարվողներին սպանելու ենք»,- հայտարարել են «Թալիբանի» ղեկավարները: