Մարդկությունը բացահայտեց գինու համն այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը, խաղողից գինի քամեց, խմեց ու հարբեց, եւ դա տեսան նրա որդիները։
Համաձայն աստվածաշնչյան այս ավանդության` խաղողագործության եւ գինեգործության բնօրրանը Հայաստանն է, որը շուտով կունենա Գինու պատմության թանգարան, որի տասը բաժիններում կներկայացվեն գինու արտադրությունը՝ նեոլիթյան ժամանակներից մինչեւ մեր օրեր։
Երեւանի պատմության թանգարանի հետ ստորագրվել է գործակցության հուշագիր, համաձայն որի՝ 13 բացառիկ ցուցանմուշ հատուկ ուղեկալներով տեղափոխվել է Գինու պատմության թանգարան։
Երեւանի Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ տրամադրված բոլոր ցուցանմուշներն իրենց թվագրությամբ արդեն իսկ բացառիկ են։
«Թանգարանին ենք հանձնել կնոջ եւ տղամարդու պաշտամունքի հետ կապված երկու կուռք, քանի որ կինն ու տղամարդն անմիջականորեն կապված են գինու հետ։ Դեռ հնագույն ժամանակներից ընդունված է եղել, որ խաղողը տղամարդը ոտքերով է տրորել, իսկ կինը՝ ձեռքերով։ Հայոց իրականության մեջ կինը երբեք ոտքերով չի տրորել խաղողը»,- պատմում է Սարգսյանը։
Գինու պատմության թանգարանին տրամադրել են նաեւ գինու պատրաստման համար նախատեսված ուրարտական շրջանի սափորներ եւ միջնադարյան շրջանում գինու հյուրասիրության համար նախատեսված գավեր։
Գինին ոչ միայն կենցաղային ու ծիսական նշանակություն է ունեցել, այլեւ գործածվել է բժշկության մեջ: Ավանդական դեղատոմսերում գինու օգտագործման մասին են վկայում Մատենադարանից բերված ձեռագրերը, որոնք ցուցադրվելու են թանգարանում։
Խոսելով նորաստեղծ թանգարանի գլխավոր առանձնահատկության մասին՝ Արմինե Սարգսյանն ասում է․ «Այն գտնվում է գյուղական միջավայրում՝ Սասունիկ գյուղում, եւ կարող է դառնալ Հայաստանի համայնքային առաջին թանգարանը։ Գիտեմ, որ Սասունիկ գյուղում շատերն են խաղող մշակում եւ պատրաստում գինի, օղի, մաճառ։ Գինու պատմության թանգարանը կարող է իր այցելուներին այդ ամենի մասնակիցը դարձնել՝ գյուղը ներառելով թանգարանի մեջ»։
Գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանն ասում է, որ թանգարանը սեփական հավաքածուն էլ ունի՝ սափորներ, կճուճներ եւ հնագիտական արժեք ունեցող այլ իրեր։
Թանգարանում կներկայացվեն նաեւ գինու մշակույթի հետ կապված ցուցանմուշներ վերջին հարյուրամյակից։ Կցուցադրվեն աշխատանքային, երկրագործական գործիքներ՝ կապված հողի մշակման, ջրի զտման հետ։
Գյուլամիրյանը ցուցանմուշներից առանձնացնում է Գարեգին Նժդեհի արծաթե գավաթը, որն իր կարծիքով իսկական անակնկալ կլինի այցելուների համար։
Թանգարանի տեղը պատահական չի ընտրվել: Դեռ նախաքրիստոնեական շրջանում Արագած լեռան ստորոտն էր խաղողագործության եւ գինեգործության հզոր կենտրոններից մեկը։ Անգամ թանգարան տանող թունելն ուրարտական թագավորական պալատի միջանցքի նախատիպով է կառուցվել, քանի որ հենց ուրարտական պետության ժամանակ է գինեգործությունը հասել բուռն զարգացման։