Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Անկարայի Ալթընդաղ շրջանում երկու սիրիացի փախստականների ձեռքով երեքշաբթի գիշերը դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել:
Լուրը տարածվելուց հետո արդեն չորեքշաբթի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել-գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները եւ լուրջ վնաս հասցրել դրանց:
Գործողությունները զուգորդվել են փախստականների դեմ ուղղված կոչերով ու կարգախոսներով: Գործողություններին մասնակցել են նաեւ այլ վայրերից Ալթընդաղի շրջան եկած խմբեր:
Բացի դրանից՝ համացանցի թուրքական տիրույթում որոշ տեսանյութեր են տարածվել, որոնցից երեւում է, որ օգոստոսի 12-ի ցերեկը նույնպես թուրքերի մի քանի խումբ շրջել է Անկարայի փողոցներում ու սիրիացի փախստականներ որոնել:
Թուրքական ոստիկանությունը գործ է հարուցել ու ձերբակալել 76 քաղաքացու, որոնք, ըստ ոստիկանության հաղորդագրության, սոցցանցերում ժողովրդին փախստականների դեմ հրահրող կոչեր են արել ու ատելություն տարածել:
Անկարայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ նշյալ անձինք, կեղծ տեղեկություններ տարածելով, իրավիճակի այլ ընկալում են առաջացրել քաղաքացիների մեջ եւ սադրանքով պատճառ դարձել նման գործողությունների:
Ձերբակալվածներից 36-ը ոստիկանությունում գրանցված են եղել նախկինում կողոպուտի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, գողության ու թմրանյութեր պահելու համար:
Միջազգային կառույցների տվյալներով՝ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Թուրքիայում ապաստանել է ավելի քան 3 միլիոն 700 հազար սիրիացի։