Բելառուսի սահմանադրական հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 1-ը նախագահ Լուկաշենկոյին կներկայացնի երկրի հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը:
Նոր Սահմանադրությամբ կսահմանափակվեն պետության ղեկավարի լիազորությունները, կուժեղացվի Համաբելառուսական ժողովրդական ժողովի դերը, կհաստատվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:
66-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողվել է իշխանությունը պահպանել միայն Կրեմլի շնորհիվ: Ռուսաստանցի վերլուծաբանները համոզված էին, որ Կրեմլի աջակցությունից հետո նա կազդարարի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո իրագործման մասին: Այդուհանդերձ, ռուս-բելառուսական ինտեգրման հարցում մեկ տարի անց լուրջ առաջխաղացում չկա, իսկ Լուկաշենկոն մինչ օրս Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի կազմում:
Արդեն 28 տարի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մեկ տարի առաջ հայտարարել էր, թե կթողնի պաշտոնը, երբ երկրում փոխվի Սահմանադրությունը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենա 2022-ի փետրվարից ոչ ուշ, այսինքն՝ ամենաուշը կես տարուց:
Փոփոխված Սահմանադրությունը նաեւ սահմանափակելու է նախագահության ժամկետները. մեկ անձը կարող է նախագահել միայն երկու ժամկետ, այսինքն՝ 10 տարի: Հայտնի չէ, թե նոր Սահմանադրության ընդունմամբ կզրոյացվե՞ն Լուկաշենկոյի նախագահության ժամկետները:
Ո՛չ Լուկաշենկոն, ո՛չ էլ փորձագետները հստակ պատասխան չեն տալիս, թե նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո Բելառուսի ղեկավարն արդյո՞ք կկատարի խոստումը եւ կհեռանա: