«Հաղթանակ» զբոսայգին սկզբնական շրջանում կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ «Հաղթանակ» վերանվանվել է Հայրենական մեծ պատերազմից հետո։ «Մոնումենտ» անվան ծագումը կապված է 1950 թվականին այգում դրված Ստալինի արձանի հետ։ Ամայի տարածքում ծառեր են տնկել, հիմա վիճակն այնքան էլ բարեկարգ չէ։
«Այգին անմխիթար վիճակում է, հիմա աշխատանքներ ենք անում։ Թե՛ կանաչապատման, թե՛ ոռոգման խնդիրներ ունենք»,- ասում է Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետ Կարեն Խուրշուդյանը։
Չորացած ծառերից ու բույսերից ազատվելու աշխատանքներ են տարվում։ Զբոսայգին բարդ տեղանքում է, աշխատելն այնտեղ այդքան էլ հեշտ չէ, շատ ժամանակ է պահանջվում։ Գարնանը զբոսայգու տարածքում նոր սիզամարգեր են ստեղծել, ծառեր ու թփեր են տնկել։
««Հաղթանակ» զբոսայգում բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ ենք իրականացնում՝ սանիտարական էտում, ոռոգում, խոտհունձ եւ այլն»,- ասում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն) գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։
Փուլ առ փուլ աշխատանքներ են տարվում զբոսայգու հարավարեւելյան լանջերին՝ Սարալանջում (12-13 հեկտար)։ Չնայած տեղանքի հարուցած դժվարություններին՝ հողի ուսումնասիրություն է արվել, ու գարնանը 150-200 ծառ է տնկվել։ Աշնան աշխատանքների նախագիծն էլ արդեն կա․ նախատեսվում է նշված հատվածը բաժանել երեք մասի ու դրանցից երկրորդում, որը մոտ երկու հեկտար տարածք է հին ու նոր ճանապարհների մեջտեղում, ծառատունկ անել։
Բարերարը, որի անունը մեր զրուցակիցը չցանկացավ նշել, օգնելու է տնկիներ ձեռք բերելու։ Այս հատվածում եւս տեղանքի հետ կապված բարդություններ կան, տեղ-տեղ ուղիղ է, տեղ-տեղ՝ 25-65 աստիճան թեք, ինչն ինժեներական խնդիրներ է առաջացնում։ Ինժեներական կառույցներ են հարկավոր, որպեսզի սողանքներ չառաջանան, ջուրը չլցվի ճանապարհին։
«Նախկին Երիտասարդական պալատի եւ Ագրարային համալսարանի միջեւ ընկած տարածքում էլ ենք աշխատանքներ անում, որը մոտ 0․9 հեկտար է։ Ծառերն ու թփերն ընտրում ենք՝ ռելիեֆով, տեղանքի դիրքով, բնակլիմայական պայմաններով պայմանավորված։ Հին ծառերը չենք վնասում, միայն չորացածներն ենք հեռացնում, մնացածներն էլ տնկում ենք լրացման կարգով»,- ասում է Արծվի Գրիգորյանը։
Այս 0․9 հեկտար տարածքում, որը վերեւում նշված երեք հատվածներից երրորդն է, հիմա ոռոգում ընդհանրապես չկա, նախատեսվում է այդտեղի ոռոգումն էլ կազմակերպել։ Ջրագծերի անցկացումից հետո կսկսվի կանաչապատման գործընթացը։ Կիրականացվե՞ն այս ծրագրերը, թե՞ ոչ, պարզ չէ, դեռ բանակցություններ են ընթանում, պայմանագիր էլ պիտի կնքվի։
«Հաղթանակ» զբոսայգու այցելուները բողոքում են այգու կեղտոտ լինելուց։ Կարեն Խուրշուդյանն ասում է՝ անընդհատ մաքրման աշխատանքներ են անում, բայց, միեւնույնն է, չի ստացվում լիակատար մաքրություն ապահովել։ Բավարար աղբամաններ չկան, աղբն էլ ոտքի հետ կամ քամու պատճառով այստեղից այնտեղ է գնում։ Այգում տարածք վարձակալած ու բիզնես հիմնած մարդիկ էլ չեն հետեւում այգու մաքրությանը։ «Մեր քաղաքացիներն իրենք էլ են մեղավոր այգու աղտոտվածության համար, օրինակ` ինչ-որ բան են ուտում կամ խմում, տուփերն ու շշերն այսուայնտեղ են գցում։ Մենք մինչեւ ժամը հինգն ենք աշխատում ու անընդհատ մաքրում ենք այգին, բայց դրանից հետո շատ-շատ են կեղտոտում»,- ասում է Կարեն Խուրշուդյանը։
Զբոսայգում շրջելիս կարելի է նկատել, որ դրա ակտիվ հատվածը, որտեղ ատրակցիոններն են, ավելի բարեկարգ է, իսկ մյուս կողմին՝ ծառուղուն, թվում է, ավելի քիչ ուշադրություն են դարձնում։ Այստեղ թե՛ նստարաններն են ավելի քիչ, թե՛ աղբամանները։ Կանաչապատ հատվածը նոսր է, լի օգտագործված շշերով, տուփերով ու տոպրակներով։ Զբոսայգու՝ դեպի լճակը տանող ճանապարհին մի բան էլ կարելի է նկատել. մի կողմում ոռոգում են այնպես, որ ջուրը տեղ-տեղ կուտակվում է, իսկ դիմացի հողն ամբողջովին չոր է։ Այս մասում ճեմուղին անբարեկարգ է։ Լճի շրջակայքը նույնպես աղտոտված է՝ ծխախոտի մնացորդներ, արեւածաղկի սերմեր եւ այլն։
Այգու տարածքում շատ են սրճարանները, ռեստորաններ, խաղալիքներ, սնունդ ու խմիչք վաճառող մասնավոր կետերը։ Դրանք բավականին մեծ տարածք են զբաղեցնում։ Այգու տարածքում շրջելիս ընդամենը մեկ ցայտաղբյուր եւ մեկ զուգարան նկատեցինք։
«Հաղթանակ» անունը կրող զբոսայգին չի կարող մնալ այս պայմաններում։ Քաղաքը փոշուց շնչահեղձ է լինում, գոնե այգիները բավարար չափով կանաչ գոտիներ ունենան։ Հաճախ ենք խոսում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, նույն հաճախությամբ էլ մոռանում պատշաճ պահպանել հանրային տարածքները։