Ըստ արեւմտյան աղբյուրների՝ «Թալիբան» շարժման զինյալները նոր հաջողություններ են արձանագրել մարտի դաշտում՝ կատաղի մարտերից հետո գրավելով երկրի՝ մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ հարավային Քանդահարը եւ Իրանին համարյա սահմանակից Հերաթը։
Սոցիալական ցանցերում տեսագրություններ են հայտնվել, որոնցում պատկերված են քաղաքը խուճապահար լքող կառավարական բանակի ստորաբաժանումները։
Արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունները եւ միջազգային կազմակերպությունները սկսել են դուրս հանել աշխատողներին:
Թալիբները հսկողության տակ են վերցրել Աֆղանստանի ամբողջ հյուսիսային մասը եւ շրջանային հինգ կենտրոն, ընդ որում`շատ դեպքերում կառավարական բանակը չի էլ դիմադրել:
Այսօրվա դրությամբ Քաբուլի կառավարության հսկողության տակ են Աֆղանստանի՝ մեծությամբ չորրորդ եւ հինգերորդ քաղաքները՝ Մազարիշարիֆը եւ Ջալալաբադը: Վերլուծաբանների համոզմամբ՝ առաջիկա ամիսներին «Թալիբան»-ը կարող է հսկողության տակ վերցնել նաեւ մայրաքաղաք Քաբուլը:
Քաբուլում կտեղակայվի 3 հազար ամերիկացի զինծառայող
Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Քաբուլում տեղակայվելու են 3000 ամերիկացի զինվորականներ:
Քիրբին ընդգծել է, որ տեղակայումը ժամանակավոր է, եւ Պենտագոնի առաքելությունը օգնելն է դեսպանատան աշխատակիցներին երկիրը լքելու եւ աֆղան թարգմանիչներին վիզաների տրամադրումը արագացնելու հարցում: Նա հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ նորից միջամտել պատերազմին:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանատանը դիվանագիտական գործունեությունը կշարունակվի:
Ըստ New York Times պարբերականի՝ Վաշինգտոնից ժամանած պատվիրակությունը բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման հետ` վստահանալու համար, որ ԱՄՆ դեսպանատունը հարձակման չի ենթարկվի:
Հատկանշական է, որ վերջին օրերին թալիբներն արագ առաջընթաց են գրանցում Աֆղանստանի տարածքում եւ գրավում են առանցքային քաղաքներն ու նահանգների կենտրոնները:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ հաշվի առնելով անվտանգության հանգամանքները՝ ԱՄՆ-ը շարունակում է կրճատել իրենց քաղաքացիների ներկայությունը Քաբուլում:
«Առաջիկա շաբաթներին նվազագույնի կհասցնենք Աֆղանստանում մեր դիվանագետների թիվը՝ թողնելով միայն այնտեղ անհրաժեշտ առանցքային կազմը: Դուրսբերումն ապահովելու նպատակով լրացուցիչ ծառայողներ ենք տեղակայել Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում»,- ասել է Փրայսը:
Նա հավաստիացրել է, որ Ամերիկան չի հրաժարվում Աֆղանստանի ժողովրդին սատարելու առաքելությունից՝ հավելելով, որ դեսպանությունը չի դադարեցնի աշխատանքը եւ կշարունակի ներգաղթյալների մուտքի վիզաներ տրամադրել ու դիվանագիտական մակարդակով համագործակցել Աֆղանստանի կառավարության հետ:
Իր դիվանագետներին պաշտպանելու համար Բրիտանիան եւս լրացուցիչ ուժեր է տեղակայում: Պաշտոնական Լոնդոնն ահազանգում է. Աֆղանստանը հետզհետե վերածվում է ձախողված պետության, որի տարածքում վաղ թե ուշ դիրքավորվելու են Ալ-Ղաիդան եւ ահաբեկչական այլ կառույցներ:
1 տրիլիոն դոլար՝ 20 տարում
ԱՄՆ նախագահ Բայդենն ասել է, թե չի զղջում ամերիկյան զորքի դուրսբերման որոշման համար եւ հավելել, որ Ամերիկան ավելի քան 1 տրիլիոն դոլար է ծախսել աֆղանական ռազմական արշավի վրա եւ հազարավոր զինծառայողներ է կորցրել:
Ամերիկյան հետախուզական կառույցների համոզմամբ՝ թալիբներն ի զորու են մայրաքաղաք Քաբուլը պաշարելու մեկ ամսում եւ երեք ամսում գրավելու այն: Փորձագետները չեն բացառում, որ դա կարող է նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքի վրա թալիբների հարձակումը կհանգեցնի խաղաղ բնակչության համար աղետալի հետեւանքների: