Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ Pfizer եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունների հետազոտման անհրաժեշտություն կա: Այս հայտարարությունից հետո Pfizer-ի եւ Moderna-ի բաժնետոմսերի գինը բորսաներում անկում է գրանցել:
Պատվաստանյութերի հավանական կողմնակի ազդեցությունների շարքին են դասվում երիկամների բորբոքումը եւ ալերգիաները:
Եվրամիությանը 330 միլիոն չափաքանակ ապահոված Pfizer-ը Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարողների առաջատարն է: Moderna-ի արտադրանքի 43 միլիոն չափաքանակ է ներարկվել:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը պետք է հետազոտի նաեւ AstraZeneca եւ Johnson & Johnson ընկերությունների արտադրած պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունը:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում են, որ պատվաստանյութերի օգուտն անհամեմատ ավելի մեծ է, քան հնարավոր կողմնակի հետեւանքները:
Moderna-ի արդյունավետությունը 76% է, Pfizer-ինը` 42%
Ըստ MedRxiv կայքում հրապարակված ուսումնասիրության՝ Moderna ընկերության պատվաստանյութն ավելի արդյունավետ է կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի դեմ, քան Pfizer-ը:
Ամերիկացի գիտնականները Մինեսոթայում հունվարից հուլիս հետեւել են պատվաստանյութերի արդյունավետության դինամիկային։ Հետազոտությանը մասնակցել է Moderna-ով եւ Pfizer-ով պատվաստված մոտ 180000 մարդ: Moderna-ի արդյունավետությունը գնահատվել է 86%, Pfizer-ինը` 76%։
Հուլիսին պատվաստանյութերի ցուցանիշները նվազել են «Դելտա» մանրէահիմքի տարածման պատճառով։ Moderna-ի արդյունավետությունը գնահատվել է 76%, իսկ Pfizer-ինը՝ է՛լ ավելի ցածր՝ 42%:
Գիտնականները շեշտել են, սակայն, որ Moderna-ով պատվաստվածների՝ կորոնավիրուսով վարակվելու հաճախականությունը շատ ավելի ցածր է։ Վերլուծելով նաեւ այլ նահանգներում պատվաստվածների հիվանդացության դեպքերը՝ հետազոտության հեղինակները հաստատել են, որ Moderna-ով պատվաստվածների՝ կորոնավիրուսով վարակման հավանականությունը կրկնակի փոքր է Pfize-ով պատվաստվածների համեմատ:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն էլ հայտարարել է, որ «Դելտա» մանրէահիմքի դեմ Սպուտնիկ V-ի արդյունավետությունը 83% է։
Ի դեպ
Ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան՝ օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca եւ Johnson & Johnson) պատվաստված՝ ժամկետանց վիզա ունեցող անձանց: Վիզայի դիմում ներկայացնելու անհրաժեշտ պայմանը պատվաստման ապացույց տրամադրելն է: