Թուրքիայի սեւծովյան ափի մի շարք նահանգներում օգոստոսի 11-ից սկսված հորդառատ անձրեւները հեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղը մեծ ավերածություններ է պատճառել երկրի հյուսիսին:
Թուրքիայի Աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) վերջին տվյալներով՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 31-ի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին օրերին երկրում մոլեգնող աղետների պատճառով չեղարկվել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի՝ օգոստոսի 14-ին նախատեսված միջոցառումները։
Թուրքիայի նախագահը այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամանել է ջրհեղեղից տուժած նահանգներ: Կաստամոնում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ Կաստամոնը եւ աղետից տուժած մյուս՝ Բարթըն եւ Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել:
Էրդողանը նշել է, որ այս պահին հեղեղներից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Դրանց մասնակցում են 4500-ից ավելի փրկարարներ, 19 ուղղաթիռ, ԱԹՍ, շտապօգնության մեքենաներ եւ այլ անհրաժեշտ տեխնիկա:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան բոլոր վնասները հատուցելու ուժ, հնարավորություն եւ վճռականություն ունի: Նա խոստացել է ջրհեղեղների հետևանքները վերացնել սեղմ ժամկետներում: Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ «ավերվածի տեղն ավելի լավը սարքելով, այրվածի փոխարեն ավելի շատ ծառ տնկելով, պակասածը նորերով ավելացնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը»: