ՀՀ Կառավարության որոշմամբ օգոստոսի 17-ին՝ 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի:
Օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է։ Նախատեսվում է, որ օրենքի երկու ընթերցումներն էլ կկազմակերպվեն արտահերթ նիստի ժամանակ։
Կառավարությունն օգոստոսի 6-ին հավանություն է տվել Սեւանա լճից ջրթողման մասին օրենքի նախագծին, ըստ որի` ոռոգման նպատակով Սեւանա լճից 2021-ի բացթողման 170 միլիոն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչեւ 245 միլիոն մ³։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության նիստում հայտնել էր, որ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլիլիոն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 միլիոն մ³-ը։
Մայիսի 10-ին` 7-րդ գումարման ԱԺ նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սեւանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:
Նշենք, որ «SOS Սեւան» նախաձեռնության անդամներն այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին կոչ են արել կամք դրսեւորելու եւ հետ կանչելու լճից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության օգոստոսի 6-ի որոշումը: