Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Կիեւում ցուցարարները փորձել են ներխուժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ, ցուցարարների ու ոստիկանների միջեւ ընդհարում է տեղի ունեցել։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները`«Ազգային կորպուս» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, պայթուցիկ նյութեր ու քարեր են նետել ոստիկանների վրա, գազ բաց թողել, վառվող անվադողեր նետել իրավապահների ուղղությամբ։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթուցիկի կիրառման հետեւանքով ոստիկան է վիրավորվել։
Բողոքի ցույցի մասնակիցները քննադատել են իշխանությունների, ինչպես նաեւ նախագահ Զելենսկու գործողությունները, մասնավորապես Դոնբասում «ահաբեկիչների հետ բանակցությունները», իսկ ոստիկաններին մեղադրել «հայրենասիրական շարժման դեմ պայքարելու» համար:
Կիեւի կենտրոնական փողոցներում իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ են հերթապահում։