Ըստ Ամերիկայի ձայնի՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգի բոլոր ուսուցիչներից ու դպրոցների աշխատակիցներից կպահանջվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ շաբաթը մեկ թեստ հանձնել: Նահանգապետն ընդգծել է, որ նման կերպ հնարավոր կլինի խուսափել դպրոցների փակումից:
Կալիֆոռնիան միակ նահանգն է, որը նման պահանջ է դրել: Կալիֆոռնիայի որոշ հիմնական դպրոցական շրջաններ նախկինում դիմել են նման քայլի՝ երկրի ամենախիտ բնակեցված նահանգում «Դելտա» շտամի խիստ տարածումը կանխելու նպատակով:
Ավելի վաղ նահանգապետը պարտադիր պատվաստման կարգ է սահմանել նաեւ բուժաշխատողների համար, որոնք զուրկ են պատվաստումները կանոնավոր թեստերով փոխարինելու հնարավորությունից: Քաղաքացիական ծառայողներից եւս պահանջվում է կա՛մ պատվաստվել, կա՛մ շաբաթը մեկ հետազոտվել:
Հղիներին եւ կրծքով կերակրողներին պատվաստումը հակացուցված չէ
ՀՀ առողջապահության նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում զետեղել է ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցը, որում անդրադարձ կա նաեւ հղիներին: ԱՀԿ-ն զգուշացրել է, որ հղիության ընթացքում ՔՈՎԻԴ-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության եւ նորածինների շրջանում առողջական խնդիրների, մասնավորապես անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության պատճառ դառնալ։
ԱՀԿ-ն ընդգծել է, որ 35 եւ բարձր տարիքի, ինչպես նաեւ մարմնի զանգվածի բարձր ինդեքս կամ ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա) ունեցող հղիները կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի, լուրջ բարդությունների զարգացման ռիսկի խմբում են։
ԱՀԿ-ն շեշտել է, որ զարգացման եւ վերարտադրողական տոքսիկալոգիայի հետազոտություններով՝ մինչեւ օրս պատվաստանյութերի վնասակարության մասին տվյալներ չեն հայտնաբերվել: Ակնկալվում է, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը նույն ազդեցությունը կունենա հղիների շրջանում, ինչ նույն տարիքային խմբի ոչ հղի կանանց դեպքում: Հղիների պատվաստումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են, արդյունքները`պարբերաբար թարմացվում:
ԱՀԿ-ն պատվաստումից առաջ հղիության թեստ իրականացնելու անհրաժեշություն չի տեսնում: Միաժամանակ խորհուրդ չի տալիս նաեւ պատվաստման պատճառով հետաձգել հղիության պլանավորումը կամ ընդհատել այն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաեւ խորհուրդ չի տալիս կրծքով կերակրելը դադարեցնել պատվաստման պատճառով՝ նշելով, որ կրծքով կերակրելն օգտակար է կանանց եւ երեխաների առողջության համար: Քանի որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ այժմ առկա պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում, կենսաբանական կամ կլինիկական առումով պատվաստանյութերը նորածնի համար վտանգավոր չեն:
Թալիբներն արգելել են պատվաստումները
Ըստ աֆղանական Shamshad հեռուստաալիքի՝ «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի արեւելյան Պակտիա նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստումն արգելելու մասին:
Պակտիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին հայտնել է, որ այդ տարածաշրջանն անցած շաբաթ գրաված թալիբները նահանգի տարածաշրջանային հիվանդանոցում արգելել են պատվաստումը: Հիվանդանոցի բժիշկներից մեկը պատմել է, որ պատվաստումների բաժանմունքը 3-4 օր է՝ փակ է, եւ այցելուներին ասում են, որ պատվաստանյութն արգելված է:
Պատվաստանյութերը կյանքեր են փրկում
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տնօրեն Ռոշել Վալենսկին հայտնել է, որ հրաման է ստորագրել ցածր դիմադրողականություն ունեցող անձանց երրորդ չափաքանակ պատվաստելու մասին: Ավելի վաղ թվիթերյան գրառմամբ Վալենսկին շեշտել է, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը կյանքեր են փրկում: Դրանք օգնում են պաշտպանվելու «Դելտա» շտամից: «Եթե պատվաստված ես, վարակվելու հավանականությունը շատ ավելի քիչ է»,- ընդգծել է նա:
Պատվաստվածներին՝ նրբերշիկ
Գերմանիան պատվաստվել խրախուսելու համար հոկտեմբերի 11-ից չեղարկելու է կորոնավիրուսի անվճար թեստերը: Սահմանափակումը չի տարածվի նրանց վրա, ում պատվաստումը հակացուցված է: Վերջին շաբաթներին Գերմանիայում պատվաստումների արշավը դանդաղել է: Երկրի արեւելքում, որտեղ պատվաստումների մակարդակն ամենացածրն է, բոլոր պատվաստվածներին նրբերշիկ են հյուրասիրում:
Չպատվաստվածներին գործազրկության նպաստ չի հասնում
Լիտվայում ՔՈՎԻԴ-19-ի դեմ չպատվաստվածները գործազրկության նպաստ չեն ստանալու: Երկրում բողոքի ակցիաներ են արվում չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների դեմ: Լիտվայի իշխանությունները ծրագրում են նոր սահմանափակումներ մտցնել դիմադրողների համար: Մասնավորապես, սեպտեմբերի կեսերից չպատվաստվածները կարող են կորցնել անվճար բուժման իրավունքը:
Մեծ Բրիտանիայում մեծահասակների 75 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել: