Թուրքիայի անտառային տնտեսությունից հայտնել են, որ Թուրքիայի արեւելյան հատվածում՝ Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում, հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Որոշ աղբյուրներ նշում են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել հրդեհների մարման գործողություններն ավարտելուց հետո` Ադանայի մոտ վայրէջք կատարելիս:
Be-200 ինքնաթիռը Թուրքիա էր ուղարկվել Ռուսաստանի Դաշնության կողմից` հրդեհների մարման նպատակով: Ռուսական ինքնաթիռը վարձակալությամբ էր հանձնվել թուրքական կողմին ու գտնվում էր Թուրքիայի անտառային տնտեսության հաշվեկշռում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից եւս հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո:
Կործանման պահին ինքնաթիռում են եղել 5 ռուս զինծառայող եւ Թուրքիայի 3 ներկայացուցիչ, որոնք ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները: Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են:
Միջադեպի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ջրի պաշարներ վերցնելուց հետո չի կարողացել բավարար բարձրություն հավաքել ու բախվել է ժայռերին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող` ինքնաթիռի վթարից զոհված ռուս զինվորականների հարազատներին։
«Ռուս զինծառայողները` Be-200-ի անձնակազմի անդամները, թուրք մասնագետների հետ համատեղ մարդասիրական կարեւոր առաքելության էին մասնակցում, պաշտպանում մարդկանց, պայքարում Թուրքիայում մեծածավալ հրդեհների դեմ։ Գործում էին դժվարագույն պայմաններում եւ մինչեւ վերջ կատարեցին իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ պարտքը։ Հասկանում եմ, որ զոհվածների ընտանիքներում հիմա վիշտ է։ Ընդունե՛ք աջակցության անկեղծ խոսքերը։ Համոզված եմ, որ այդ քաջարի մարդկանց մասին հիշատակը ընդմիշտ վառ կմնա Ռուսաստանում եւ Թուրքիայում»,- ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հայտարարել է Պուտինը։
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ռուսական կողմին Be-200 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել է, որ խոր ցավով են տեղեկացել Քահրամանմարաշում հրդեհի մարման ժամանակ օդանավի վթարի մասին: «Ռուս եւ թուրք ժողովուրդների հերոսական զոհերը չեն մոռացվի»,- ռուսերենով ընդգծել է Չավուշղօլուն:
Թուրքիայի հարավային եւ արեւմտյան շրջաններում տեւական ժամանակ չեն կարողանում մարել անտառային հրդեհները, որոնց հետեւանքով մահացել է 8 մարդ, տուժել՝ 864֊ը։
Թուրքիայի հյուսիսում՝ Սեւ ծովի առափնյա հատվածներում, ջրհեղեղներ ու սելավներ են, որոնց հետեւանքով արդեն 44 մարդ է մահացել։ Տուժել է 284 մարդ: Շուրջ 300 բնակելի տարածք մնացել է առանց հոսանքի: