«Բոլոր իշխանություններն էլ փորձել են վերահսկելի լրատվամիջոցներ ունենալ, փորձել են հասնել այն իրավիճակին, որ կարդան միայն իրենց հաճելի նյութեր»: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Թագուհի Թովմասյանն այսպես է գնահատում Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակման որոշումը:
Պատգամավորն ընդգծում է՝ սահմանափակումների դեմ նախ լրագրողական հանրությունը պետք է միասնաբար պայքարի: «Կարեւոր է, որ որեւէ լրագրող այս իրավիճակի հետ չհաշտվի»,-ասում է նախկին լրագրողը:
Խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը հիմնավորվում է անվտանգային խնդիրներով: Դրա պահպանման որոշակի կանոններ, ըստ Թովմասյանի, պետք է սահմանվեն: Ըստ նրա՝ կարելի է քննարկել, օրինակ, որոշ հատվածներում տեղաշարժի սահմանափակման կամ կասեցման հնարավորությունը, բայց ոչ ամբողջ խորհրդարանում տեղաշարժի սահմանափակման` ընդհուպ լրագրողների համար նախատեսված օթյակն անհասանելի դարձնելով:
«Պետք է հստակ պայմանավորվել, որ, օրինակ, ԱԺ շենքի 3-րդ հարկը, որտեղ խորհրդարանի նախագահությունն է, լրագրողների համար դառնա անհասանելի»,- ասում է Թովմասյանը, սակայն կարեւորում մեկ այլ պայմանի հստակեցումը եւս՝ ԱԺ նախագահը որոշակի ժամանակահատվածում պարտավոր է ճեպազրույցներ տալ: Մյուս պատգամավորների դեպքում Թովմասյանն անընդունելի է համարում որեւէ սահմանափակման կիրառում:
Նախկին լրագրողը բարձրաձայնում է այն խնդիրը, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման պատճառով վերջիններս, փաստորեն, չեն կարողանա պատրաստել այն նյութերը, որոնք ցանկանում են: Ստացվում է՝ լրագրողների նյութի թեման որոշելու գործառույթը ստանձնում է ՀՀ խորհրդարանի ղեկավարությունը:
«ԱԺ աշխատակի՞ցը պետք է որոշի՝ լրագրողն ինչ նյութ հրապարակի, ում հետ հարցազրույց անի, ում հետ՝ ոչ. սա անթույլատրելի է: ԱԺ որեւէ աշխատակից չի կարող որոշել, թե տվյալ օրը տվյալ պատգամավորը զբաղված է ու չի ցանկանում զրուցել լրագրողների հետ»,-ասում է նա՝ այդ հանգամանքը լրագրողների մասնագիտական գործունեության ակնհայտ խոչընդոտում որակելով:
Թագուհի Թովմասյանը կարեւորում է նաեւ պատգամավորների հաշվետվողականության ու թափանցիկ աշխատանքի սկզբունքը: Հարցին էլ՝ ինչպես է գնահատում մամուլի ազատության վիճակն այս իշխանության օրոք, նա պատասխանում է՝ ՀՀ-ում այսօր լրատվամիջոցների մեծ մասը գոյատեւման խնդիր ունի, եւ դա՝ լրագրողի իշխանության պայմաններում: «Այսինքն՝ լրագրողների գործերն այս իշխանության օրոք վատ են»,-ասում է պատգամավորն ու հայտնում՝ երբ պաշտոնապես ստանձնի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ քննարկում է կազմակերպելու՝ լուծումներ գտնելու համար:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս վստահ է՝ լրագրողների աշխատանքի սահմանափակումը լուծում չէ, նման որոշում կայացնելուց առաջ քննարկումներ են անհրաժեշտ: «Ցանկալի է, որ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի յուրաքանչյուր սահմանափակում քննարկվի լրագրողների, մասնավորապես, այնտեղ հավատարմագրվածների հետ, որոնք կարող են լուծումներ առաջարկել»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ ցանկացած սահմանափակում կամ տեղաշարժի արգելք հստակորեն պետք է կանոնագրված լինի ու լրագրողներին ներկայացվի նախապես, ինչն այս դեպքում չի արվել:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը չի կարծում, թե այնպիսի անվտանգային խնդիրներ կային, որոնք ենթադրում են տեղաշարժման այսօրինակ սահմանափակում: «Եթե խոսում ենք իրական անվտանգության մասին, ապա չեմ կարծում՝ այդ միջոցները խնդիրը կլուծեն: Թե չեն ուզում՝ հանրությունն ականատեսը լինի այն մթնոլորտին, որը տիրում է ԱԺ-ում, ապա դա ներկա վիճակում որեւէ հիմնավորում չունեցող քայլ է: Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչպես են աշխատում իր ընտրած պատգամավորները, եւ անելու եզրակացություններ»:
Նավասարդյանն ընդգծում է՝ պատգամավորը չպետք է որոշի, թե լրագրողն ինչ հայտնի իր լսարանին. դա լրագրողի ու լրատվամիջոցի աշխատանքն է: «Լրագրողների ներկայությունն ԱԺ-ում այն նպատակով է, որ ներկայացնեն օրենսդիրի աշխատանքն այնպես, ինչպես այն կա, ոչ թե այնպես, ինչպես պատգամավորներն են ցանկանում»:
Քանի որ սահմանափակումների համար այլ հիմնավորում չկա, ըստ Նավասարդյանի՝ կասկածներ են առաջանում, որ իշխանությունները կա՛մ այլ խնդիրներ են փորձում լուծել, կա՛մ իրենց պատկերացրած խնդիրների ճիշտ լուծումները չեն գտնում:
Նավասարդյանն ասում է՝ 2018-ին՝ հեղափոխությունից հետո հնչած հայտարարությունները, թե մամուլն աննախադեպ ազատություն ունի, որոշ հիմքեր ունեին: Իշխանությունը մեկ քաղաքական ուժի ձեռքում էր, ԶԼՄ-ների մեծ մասը՝ նրա քաղաքական հակառակորդների վերահսկողության կամ ազդեցության տակ: Սակայն, եթե սկսենք գնահատել իշխանությունների գործողությունները՝ սկսած 2020-ի սկզբից, ապա բազմաթիվ որոշումներ, օրենսդրական ակտեր հուշում էին, որ նրանք փորձում են սահմանափակել այն ազատությունները, որոնք եղել են 2018-ից հետո, նաեւ որոշակի վերադասավորումներ ապահովել քաղաքական ուղղվածության ու ազդեցությունների բաշխման տեսակետից:
«Առեւտրային գովազդ «Հանրային» ՀԸ-ում, զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվության խստացում. սրանք քայլեր են, որոնք փաստում են՝ իշխանությունը փորձում է իր համար ավելի բարենպաստ տեղակատվական միջավայր ապահովել, իսկ դա անուղղակիորեն կարելի է գնահատել որպես մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակմանը միտված նախաձեռնություն»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: