ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ահազանգեր է ստացել օգոստոսի 15-ի գիշերը՝ 12:00-1:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին:
Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց անմիջապես դիմաց տեղակայված են ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս տեղեկությունը հաստատել են գյուղի բնակիչները եւ պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաեւ ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի եւ ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:
«Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,֊ գրել է Թաթոյանը:
ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական զինուժի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է: Նա արձանագրել է, որ ակնհայտ է` մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում: