17-ամյա Աննա Սաֆարյանն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից է։ Մոր ու քրոջ հետ 2020 թվականի պատերազմի օրերին՝ սեպտեմբերի 29-ի գիշերը, տեղափոխվել է Հայաստան, հայրն Արցախում է մնացել։ Սկզբում բարեկամի տանն են ապրել, հետո՝ հյուրանոցում, հիմա էլ Երեւանի պետական համալսարանի հանրակացարանում են ապրում։ Այժմ շատ արցախցիներ իրենց կացարաններից դուրս գալու խնդրի առաջ են կանգնած, Աննայի ընտանիքն էլ նրանց թվում է։ Ոմանք վերադառնում են Արցախ, ոմանք՝ ոչ։ Սաֆարյանները Երեւանում բնակարան են վարձակալել, որ հանրակացարանից տեղափոխվեն այնտեղ։
Աննան կարոտում է Արցախը, ուզում է հետ գնալ: Հայրը, որը հիմա Արցախում է աշխատում, համաձայն չէ ընտանիքին էլ այնտեղ տանել․ Արցախում վտանգավոր է։ Հայաստանում էլ վտանգ կա, բայց Արցախում թշնամու հարձակման դեպքում կարող են շրջափակման մեջ ընկնել, ու պարզ չէ՝ կստացվի՞ այնտեղից դուրս գալ, թե՞ ոչ։
Աննայի մայրը տնային տնտեսուհի է, ինքն ու քույրն էլ աշխատում են Երեւանում։ Աննան ապրիլից նաեւ Մուղդուսյան արվեստի կենտրոնում ասեղնագործություն է սովորում։ Ասում է՝ չէր հավատում, որ կարող է ասեղնագործել, բայց հիմա լավ է ստացվում, գումար էլ է վաստակում։
Աննան որպես կամավոր աշխատում է նաեւ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված «Մասուր» արվեստի տանը։ Մարքեթինգի հարցերով է զբաղվում։ Նախատեսում են նրան մարքեթինգի դասընթացների ուղարկել։ «Եթե հնարավորություն ունենամ, ես էլ այսպիսի մի բան կստեղծեմ, որ ինձ նման երեխաները մասնագիտություն ձեռք բերեն, կարողանան իրենց ծախսերը հոգալ»,- Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասին ասում է Աննան։
Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին Նաիրյան վոկալ անսամբլի կողմից։ Նպատակը խոցելի խմբերի կանանց, երեխաներին արվեստի անվճար կրթություն տալն է։ 2021 թվականի ապրիլից կենտրոնի շահառուներ են դարձել նաեւ Արցախից տեղահանված կանայք ու երեխաները։ «Ապրիլից սկսեցինք աշխատել Արցախից եկած կանանց ու երեխաների հետ, նրանց սովորեցնել ասեղնագործություն, մետաքսանկարչություն, բրուտագործություն։ Երեխաներին նկարչության, վոկալի, կավագործության դասեր ենք առաջարկել»,- պատմում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը։
Կենտրոնի ֆինանսավորման հիմնական աղբյուրը Մուղդուսյանների ընտանիքն է: Երբեմն հանրային դրամահավաքներ էլ են կազմակերպում։ Հետպատերազմյան իրավիճակում շահառուների թիվը կտրուկ աճեց (ընդհանուր առմամբ 70 արցախցի շահառու), հավելյալ մասնագետների կարիք զգացվեց, իսկ ֆինանսական միջոցները չէին բավարարում։ 2021 թվականի հունիսին որոշեցին բիզնես հիմնել ու դրա միջոցով հոգալ ծախսերը։ Այդպես Ջրվեժում ստեղծվեց «Մասուր» արվեստի տունը։
Այստեղ աշխատում են կենտրոնի շահառու կանայք, հատկապես Արցախից տեղահանվածները։ Նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց նրանց աշխատանքով ապահովելն է։
«Մասուր»-ում ճաշերը պատրաստվում են գյուղերից բերված մթերքով։ «Սուպերմարկետներից մթերք ձեռք բերելու փոխարեն գնում ենք, օրինակ, Գառնի՝ մրգային լավաշ, ձու, պանիր բերելու։ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղից հյութ, գինի, անհրաժեշտության դեպքում նաեւ օղի ենք գնում։ Ուզում ենք, որ գյուղացուն էլ օգուտ լինի»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը։
Խոհանոցում աշխատելուց բացի՝ կանայք այստեղ մաքրությամբ էլ են զբաղվում, ճաշերն են մատուցում։ Պետք են նաեւ մարդիկ, որոնք շրջայց կանցկացնեն, կծանոթացնեն տարածքին ու կպատմեն «Մասուր»-ի մասին։ Շահառուների հետ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել, բոլորը գիտակցում են՝ եթե «Մասուր»-ը հաջողություն ունենա, դա իրենց էլ ձեռնտու կլինի։ Հասարակությունն էլ կարող է այս կանանց ու նրանց ընտանիքներին օգնել ոչ թե նվիրատվություն անելով, այլ նրանց ծառայություններից օգտվելով։
«Մասուր» արվեստի տանը հիմնական գործն արված է։ Հիմա հասել են այն փուլին, երբ բիզնեսն առաջ տանելու համար աջակցություն է պետք։