ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ` Երասխի հատվածում:
Մասնավորապես, 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 1975 թվականին ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդը կորուստներ է կրել»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: