ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախորդ տարվա նոյեմբերից ի վեր ապահովել են ավելի քան 58000 ավտոմեքենաների եւ շուրջ 210000 մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ սննդամթերքի եւ տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ:
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը պատմել է, որ դիտորդական կետի անձնակազմը վերահսկում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, Լաչինի միջանցքով ապահովում տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը:
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը հավելել է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա զննվում է, անհրաժեշտության դեպքում խուզարկվում: Ըստ նրա՝ մեկ օրում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում Լաչինի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաեւ խախտումների եւ հնարավոր հարձակման կանխման վարժանքներ: