Գրեթե բոլոր անաչառ ուսումնասիրողներն են համաձայն, որ եթե 1920 թվականին մայիսյան ապստամբությամբ Հայաստանում իշխանությունն անցներ բոլշեւիկներին, ապա հայ-թուրքական պատերազմ չէր լինի, տարածքային կորուստներ չէինք ունենա:
Պատմությունն, ասում են, ըղձական եղանակ չի հանդուրժում: Այդուհանդերձ, հարց է առաջանում. ապստամբությունը ճնշելուց հետո ի՞նչ անհրաժեշտություն կար ցրելու խորհրդարանը, պաշտոնազրկելու Խատիսյանին եւ կազմավորելու Բյուրո-կառավարություն:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո արդարացիորեն դրվեց ազգային համաձայնության իշխանության խնդիր: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց փակել «երեքի» դարաշրջանը, լայն կոնսոլիդացիայով գնալ տեխնոկրատ կառավարության ձեւավորման: Չստացվեց, եւ հիմա գործում է նույն «բյուրո-կառավարությունը»:
Տարբերությունն այն է, որ 1920 թվականին այն դաշնակցական էր, այսօր՝ ՔՊ-ական: Եվ քաղաքական-հանրային առողջ, պատասխանատու դիսկուրսը փոխարինվել է կուսակցական դեմագոգիայով: Իշխանությունը «պողպատե մանդատ» է կիրառում, ընդդիմությունը՝ հետեւողականորեն խորացնում դիմակայությունը:
Մեր աչքի առաջ տեղի է ունենում վատթարագույնը. Արցախի հարցը վերածվել է թեմայի: Լրատվամիջոցը հարց է ուղղել արցախցի խորհրդարանականին՝ չե՞ք կարծում, որ Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի խորհրդարանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի, եւ ստացել պատասխան. «Կարծում եմ՝ այո: Այդ ռեսուրսը Հայաստանն ունի, վերջիվերջո, միջազգայնորեն ճանաչված երկիր է: Գոյություն ունեն կապեր, պարզապես աշխատել է պետք եւ այդ ճանապարհով գնալ, ոչ թե անընդհատ նախկիններին քննադատել, ասել՝ ամեն ինչի պատճառն իրենք են: Արդեն պետք է հաջորդ քայլը կատարվի առօրյա մեր խնդիրները լուծելու համար»:
Այսպես խոսում է մի մարդ, որը 2015-2020-ին Արցախի ԱԺ փոխնախագահ է եղել, ավելի վաղ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ներկայումս էլ կուսակցական քվոտայով գլխավորում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, պատմական գիտությունների դոկտոր է, հարգանք վայելող մտավորական:
Նա նման կտրուկ ձեւակերպում երբեք թույլ չէր տա, եթե Հայաստանի խորհրդարանում Դաշնակցությունը մարտական ընդդիմություն չլիներ: Թույլ չի տվել նախկինում, երբ ՀՅԴ-ն Երեւանում եւ Ստեփանակերտում կոալիցիոն իշխանության մաս էր: Նա քաջ գիտի, որ Հայաստանն Արցախի ճանաչման ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ռեսուրս չի ունեցել երբեք: Գերազանց տիրապետում է հարազատ կուսակցության կողմից շրջանառված՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական փոխօգնության մասին պայմանագիր կնքելու գաղափարին եւ տեղյակ է, թե ինչ նկատառումներով է, որ Հայաստանը նույնիսկ այդ քայլին չի գնացել: Անգամ՝ ապրիլյան քառօրյայից հետո:
Գիտի, համոզված է, որ ներկայումս Հայաստանի ռեսուրսները բոլոր առումներով մի քանի անգամ նվազ են, քան 2015-2020 թվականներին, բայց գիտակցաբար իրավիճակ է սրում: Կուսակցական դեմագոգիան ճնշում է նրա տրամաբանությանը, մարդկային պարզ զգացմունքներին: Նա գիտի, որ իր խոսքը նոր բանավեճի առիթ է տալու, ՔՊ-ական մի պատգամավոր հակադարձելու է՝ հիշեցնելով 1920 թվականի աղետը, Ալեքսանդրապոլի իրոք կապիտուլյացիոն պայմանագիրը:
Հասկանում կամ նույնիսկ կանխատրամադրված է, որ ՀՅԴ-ն իրեն մղելու է նոր արձագանքի եւ այդպես շարունակ: Իսկ ժամանակն անցնում է, հերթական բացվող օրն ավելի անվտանգ կամ նվազ տագնապահարույց չէ, քան անցածը, նախկինը, եւ վաղն էլ լավագույն դեպքում ոչնչով չի տարբերվելու այսօրվանից:
Այդպես ավելի քան տասը տարի մենք պատերազմական հաղորդագրություններ էինք կարդում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրավիճակից: Այսօր «ռազմաճակատային ամփոփագրերը» վերաբերում են Սյունիքին, Գեղարքունիքին, Երասխին: Միայն ռուս սահմանապահների ներկայությունն է, որ թշնամուն զսպում է Տավուշում: Միայն ռուս խաղաղապահներն են նրան կաշկանդում Արցախում:
Իրականությանը պետք է բաց աչքերով եւ սթափ ուղեղով նայել՝ վեր կանգնելով կուսակցական դեմագոգիայից, քաղաքական գայթակղությունից: Թշնամու գլխավոր հաշվարկն, ինչպես զգացվեց CNN Turk-ին Իլհամ Ալիեւի տված հարցազրույցի ամբողջ համատեքստից, կառուցված է Հայաստանում «ռեւանշիզմի» սնուցման, այդպիսով համաձայնության բացառման եւ դրանից ենթադրվող «նոր իրավունքների» լեգիտիմացման վրա:
Նոր սրացումը (նրբանկատորեն խուսափեմ «պատերազմ» բառից), գուցե, իշխանափոխության եւս մեկ հնարավորություն է: Բայց արժե՞ Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը դնել խաղասեղանի վրա: Եթե Փաշինյանի կառավարությունը (կամա թե ակամա) այդպես է վարվել 2018-2020 թվականներին, ապա դա օրվա ընդդիմությանը իրավունք չի տալիս իր հերթին մեկ «փորձարկում» էլ անելու:
Մեկի գինը տարածքային եւ մարդկային, նյութական ու ֆինանսական ահռելի կորուստներն են: Երկրորդ արկածախնդրությունը կարող է բերել լիակատար ֆիասկոյի: Հաայստանը եւ Արցախը պարտադրված են ոչ թե հիպոթետիկ նշաձողի, այլ աղետի բացառման ձգտել: Ստեղծված իրավիճակում դա միակ իրատեսական եւ խաղաղ ճանապարհով իրացնելի հնարավորությունն է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։