Անցյալ դարի հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ստեփան Զորյանը «Պատերազմը» ժողովածուում մի պատմվածք ունի՝ «Ընթերցողներ» վերնագրով: Գյուղամիջում նստոտած գյուղացիներից մեկը թերթում կարդում է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թթ) վերաբերող լուրեր, մյուսներն արձագանքում են ու քննարկում… «Ընթերցողներն» իրենք էլ չեն հասկանում, իրենց քննարկածը՝ դատողություններ անելով «Տրիեստի և Տրիենտի» մասին: Էդ լուրերը կարող է եւ վաղուց հնացած էին, որովհետեւ թերթը, հավանաբար, տեղ էր հասել շաբաթներ, գուցե եւ՝ ամիսներ անց…
Այդ իրադարձություններից 100 տարի հետո՝ այսօր, էլի պատերազմ է, սակայն ընթերցողներն ու ունկնդիրները րոպեի, անգամ վայրկյանի ճշգրտությամբ լուրեր են ստանում մարտադաշտից, իսկ «ընթերցողները» գյուղամիջից տեղափոխվել են համացանց եւ հետեւում են իրադարձություններին՝ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի տարածած տեղեկություններով:
Փաստենք մի կարեւոր բան. այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներն աշխատում են ավելի պրոֆեսիոնալ, քան 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ սոցիալական ցանցերին հետեւելով էլ կարելի է ասել, որ բավականին բարձրացել է տեղեկությունները սպառողների՝ «Տրիեստն ու Տրիենտը» տարբերողների, մեդիագրագիտության մակարդակը:
Լրատվամիջոցները հիմնականում հետեւում են միայն պաշտոնական տեղեկությունները հրապարակելու կանոնին, Արցախում աշխատող լրագրողներն էլ, անտեսելով վտանգները, մեզ տեղեկացնում են իրադարձությունների ընթացքի, քաղաքներում եւ գյուղերում իրավիճակի, կյանքի, ռմբահարությունների հետեւանքների մասին՝ պահպանելով ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները: Լուր սպառողները, հատկապես սոցիալական ցանցերում, հիմնականում ձեռնպահ են մնում չստուգված կամ օտար կասկածելի աղբյուրներից քաղված տեղեկություններ տարածելուց:
Այսուհանդերձ, որոշակի քանակի լուսանկարներ եւ տեսանյութեր եղան, որոնց հրապարակումը խնդրահարույց է: Այդ մասին իր ՖԲ էջում գրեց նաեւ լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Մեջբերենք որոշ կրճատումներով.
«Երկու օր առաջ մի ընկերություն կամավորների եւ զորակոչիկների համար ավտոբուսներ էր տրամադրել (շնորհակալություն իրենց), ու ավտոբուսների նկարները լայնորեն տարածել, լոգոտիպերով՝ ավտոբուսով մեկ: Գրեցի՝ երեւի չարժե ավտոբուսների լուսանկարները հրապարակել: Դրանից հետո ահագին ծաղրուծանակ կերա… Չկարողացա համոզել, որ սխալ է նման բան անելը, մեկնաբանությունս ջնջեցի: Սխալները գին ունեն, մի արեք նման բաներ»:
Այո, սխալները գին ունեն. հիշենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորներին տեղափոխող ավտոբուսի խոցումը եւ զգույշ մնանք նման լուսանկարներ տեղադրելուց:
Բայց այս հոդվածի առիթն այլ է. Միջազգային կառույցների, պետությունների ղեկավարների եւ առանձին անհատների՝ ներկա պատերազմի մասին հայտարարություններին մեր հայրենակիցների բուռն ու զգացմունքային արձագանքը:
Տարիներ առաջ առիթ ունեցել ենք ասելու, որ չարժե շատ մեծ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին: Պետք է հասկանալ մի տարրական բան. ոչ մի պետություն կամ նրա ղեկավար չի հայտարարելու Հայաստանին սատարելու կամ Ադրբեջանին դատապարտելու մասին: Ներկա պատերազմում միայն Թուրքիան է, որ Ադրբեջանին սատարելու կոչեր է անում: Անգամ Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող երկրները մեզ սատարող հայտարարություն չեն անելու: Նրանք կոչ են անելու երկու կողմերին: Եվ ֆեյսբուքյան «Դուք հավասարության նշան եք դնում…» տիպի արձագանքները, թեպետ հասկանալի, բայց անիմաստ են:
Սատարումները կամ դատապարտումները կարող են լինել միայն անձնական մակարդակով: Ասենք՝ Քերոլայն Քոքսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը, որ այժմ պետական պաշտոնյա չէ եւ կարող է կարծիք ասել: Սակայն Բրիտանիայի կառավարությունը եւ ԱՄՆ նախագահը երկու կողմերին էլ հավասար են նայելու: Նույնը՝ միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ եւ այլն… Այնպես, որ այս կառույցներին պետք չէ մեղադրել չեզոքության մեջ: Դա է նրանց առաքելությունը ցանկացած պատերազմում:
Եվ վերջապես՝ ամենակրեւորը խորհուրդ չեմ տալիս լուրջ ընդունել, նյարդայնանալ եւ բուռն արձագանքել, երբ ռուսական պետական կերակրատաշտից սնվող Մարգարիտա Սիմոնյանը կամ Կարեն Շահնազարովն են ինչ-որ գրառումներ անում, կամ Սոլովյովի շոու ծրագրում ոչ հայանպաստ արտահայտություններ են հնչում:
Երբ դուք նայում-բարկանում եք, իրենք հասնում են իրենց նպատակին, դուք ընդամենը ավելացնում եք նրանց լսարանը, իսկ իրենք շարունակում են իրենց փողերը աշխատել՝ նաեւ ձեր հաշվին:
Ես, իհարկե, իրավունք չունեմ որեւէ մեկին արգելել արտահայտելու իր զգացմունքները, իր սրտի հովության համար հայհոյանքներն ու արձագանքը ուղղելու պայմանական «Մարգարիտաներին» ու «Սոլովյովներին»: Բայց հավատացնում եմ, պետք չէ փորձել (Զորյանի «ընթերցողների» նման) մեկնաբանել այդ անձանց արտահայտությունների «Տրիեստն ու Տրիենտը». դա միայն ավելացնում է մարգարիտաների՝ փող աշխատելու հնարավորությունը, իսկ զոհվող երիտասարդները նրանց համար նշանակություն չունեն: Եվ վստահաբար ասում եմ. եթե անգամ նրանք սատարող կոչեր անեն, դա մեզ ոչինչ չի տալու. մեր պահապանը սահմանին կանգնած ու կռվող զինվորն է:
Պարզապես խորհուրդ կտամ անտեսել: Ինչպես հայկական ասացվածքն է ասում «Շունը հաչի, քարվանը՝ քոչի»: Նրանց առավել բարկացնել, անգամ հունից հանել կարող է հենց ուշադրություն չդարձնելը եւ հունից հանել կարող են մեր հաղթանակները, որովհետեւ չեն արդարանում «հյուսիստիզբոնյան ցարին» անպայման խոնարհվելու իրենց ակնկալիքները:
Պատերազմում հաղթում է մեր էն զինվորը, որը դեպի հակառակորդի տանկն արձակվող արկի հետ մի հատ էլ լավ, տղամարդավարի ուշունց (հենց ուշունց, ոչ թե հայհոյանք) է ուղարկում: Ու էդ ուշունցը, համոզված եղեք, էդ տանկին կամ նրա մեջ նստած իր նման 19-20 տարեկաններին չի ուղղված կամ առավելապես նրանց չի ուղղված: Այն ուղղված էլ հենց Ալիեւին, Էրդողանին, Պուտինին, Թրամփին: Նաեւ, բնականաբար, Մարգարիտասիմոնյաններին, Կարենշահնազարովներին եւ նմաններին, որոնց համար պատերազմը ընդամենը ցինիկ հայտարարություններով ցարի առաջ վիզ ծռելու եւ փող աշխատելու լրացուցիչ միջոց ու խթան է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։