Այսօր պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը (1928-2018) կդառնար 93 տարեկան: Լուսանկարչի ծննդյան օրվա առթիվ Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Գալաթայի (Ղալաթա) աշտարակում բացվել է ցուցահանդես:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը հաղորդում է, որ ցուցահանդեսը բացվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության, «Արա Գյուլեր» արխիվի եւ հետազոտության կենտրոնի համատեղ նախաձեռնութամբ։ Ցուցադրվում են լուսանկարչի սեւ-սպիտակ լուսանկարներից 72-ը։ Ցուցահանդեսն արդեն աշխուժություն է ստեղծել արվեստասերների եւ Գյուլերին գնահատողների շրջանում: Հատկանշական է, որ հայ լուսանկարչի ցուցահանդեսը բացվել է Թուրքիայի պատմական վայրերից մեկում, որը կառուցվել է 1348-1349-ին եւ իր ներկա անվանումը ստացել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակ:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում՝ հայկական ընտանիքում։ Նրան կոչել են «Ստամբուլի աչք»: Նրա անունը մի քանի անգամ ընդգրկվել է 100-ամյակի լավագույն լուսանկարիչների ցանկում: