ՄԱԿ-ը 8 միլիոն դոլար է հատկացրել Հայիթիին, որտեղ շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից ավելի քան 1200 մարդ է զոհվել, հազարավորները վիրավորվել են: Երկրում ջրի ու սննդի, ինչպես նաեւ դեղամիջոցների ու բժիշկների զգալի պակաս կա:
Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ պետություն համարվող Հայիթին դեռ լիովին չէր վերականգնվել 11 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից, որին զոհ էին դարձել ավելի քան 200 հազար մարդ, տնտեսությունն ու ենթակառուցվածքները` էապես տուժել:
Նոր աղետը համընկել է քաղաքական խոր ճգնաժամի հետ, որ սկսվել է անցած ամիս`Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: