Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, հանդիպել տեղի իշխանություններին, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ` փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ երեկ այցելել է Արցախյան վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ալիեւը մասնակցել է Լաչինում կառուցվող միջազգային օդանավակայանի, ինչպես նաեւ Լաչինից Քելբաջար ձգվող թունելի հիմնարկեքին: Ալիեւը նաեւ ծանոթացել է Քելբաջարում տեղակայված նոր զորամասերի պայմաններին:
Վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածներում կտրուկ սրվել է: Երեկ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում եւ Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով զոհվել են Գեղարքունիքում 19-ամյա շարքային Արման Հակոբյանը, Երասխում 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:
Ադրբեջանական կողմը հերքել է հայ զինծառայողների մահվան հետ իր առնչությունը: Պաշտոնական Բաքուն կրկին պնդել է, թե հայկական կողմը Վեդիում տեղակայված դիրքերից կրակ է բացել Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ: «Զոհեր ու վիրավորներ չկան»,- հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն: