ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ օգոստոսի 16-ին Երասխում եւ Գեղարքունիքում ՀՀ երկու զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար պատասխանատվություն են կրում ի սկզբանե միջազգային կանոնների բացահայտ խախտումներով գործող ադրբեջանական իշխանությունները:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական զինուժը ներխուժել եւ ապօրինի տեղակայվել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում եւ Սյունիքում, նախորդ տարվա նոյեմբերի 10-ից հետո ֆիզիկապես ներկա է այն ՀՀ բնակիչներին կամ համայնքներին պատկանող օրինական տարածքներում:
Մարդու իրավունքերի պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է ՀՀ գյուղերի ուղղությամբ եւ իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին եւ առողջությանը, վնաս պատճառում մարդկանց գույքին եւ կենդանիներին:
Արման Թաթոյանը ահազանգել է, որ ադրբեջանական զինուժը զբաղված է քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին եւ այլն:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհների ադրբեջանական զինուժի ներկայության պատճառով սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինուժը հրահրում է հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են ՀՀ բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ վերոշարադրյալին գումարվում է նաեւ այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների սահմանագծման եւ սահմանզատման գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:
Վերոնշյալ փաստերն ու հիմնավորումներն ուղարկվելու են միջազգային կառույցներին: