Թալիբները հայտնել են, որ համաներում են հայտարարել Աֆղնաստանի պետական պաշտոնյաների համար: Նրանց տարածած հայտարարության մեջ ասված է, որ պետական կառույցներում աշխատողները կարող են վստահ վերադառնալ առօրյա սովորական կյանքին։
Ըստ Al Hadath հեռուստաալիքի՝ «Թալիբանը» հայտարարել է, որ կանայք հրավիրվել են մասնակցելու պետական կառավարմանը: Նրանք նշել են, որ չեն ցանկանում՝ Աֆղանստանի կանայք զոհի դիրքերում լինեն: Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ աֆղանցի կանանց թույլ են տալիս աշխատել լրատվական ոլորտում, օրինակ` հեռուստահաղորդումներ վարել:
Աֆղանստանի իշխանությունը զավթելուց առաջ էլ «Թալիբանի» գրոհայինները վստահեցնում էին, որ երաշխավորում են կանանց՝ իսլամին չհակասող իրավունքների պահպանումը: Խոսքը կրթությանն ու աշխատանքի իրավունքի մասին է։
«Թալիբան»-ի ղեկավարությունն ընդգծել է, որ Քաբուլի կրթական, բժշկական եւ հասարակական նշանակության այլ հաստատություններ կշարունակեն աշխատանքը սովորական ռեժիմով: Ծայրահեղականները խոստացել են թույլ չտալ գրոհայիններին քաղաքում հաղթական երթեր անցկացնել։ Նրանց հրահանգվել է հաղթանակը չնշանավորել օդ կրակոցներով:
Թալիբները նաեւ խոստացել են, որ աֆղանական զինված ուժերի ծառայողներին կթույլատրեն հեռանալ, եթե նրանք դա ցանկանան:
«Ժողովրդավարական» նոր էմիրությո՞ւն
Ըստ APnews-ի՝ «Թալիբան» արմատական շարժումը, որը բազմաթիվ երկրներում ահաբեկչական է ճանաչվել, հայտարարել է, որ շուտով Քաբուլի նախագահական պալատից կհայտարարի Աֆղանստանի Իսլամական Էմիրության ստեղծման մասին։
«Թալիբան»-ի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը BBC-ի թղթակից Յալդա Հակիմին ասել է, որ Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ վրեժ չի լինի:
«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, կյանքն ապահով է. ոչ մեկի նկատմամբ վրեժ չի լինի»,- ընդգծել է ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն կառավարության կազմում:
Օդանավակայանը կգործի սովորական ռեժիմով
«Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի սահմանային բոլոր անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից: «Թալիբանը» հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը:
Թալիբները խոստացել են, որ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան անարգել դա անել՝ օգտվելով Քաբուլի օդանավակայանից: Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է իրենց ներկայությունը գրանցեն շարժման ներկայացուցիչների մոտ։
Ըստ պակիստանյան Geo TV հեռուստաալիքի՝ թալիբները հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանը կգործի սովորական ռեժիմով:
Al Arabiya հեռուստաալիքը նշել է, որ թալիբները վերահսկողություն են հաստատել նաեւ Քաբուլից հյուսիս-արեւմուտք գտնվող «Բաղրամ» ավիաբազայի վրա: Al Arabiya-ն հայտնել է, որ թալիբները գրավել են նաեւ «Բաղրամ» քաղաքի բանտը, որտեղ պահվում է մոտ 5000 բանտարկյալ, եւ ազատ են արձակել իրենց կողմնակիցներին:
Նշենք, որ 2020-ի սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քաթարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որով նախատեսվում էր 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական բանակցություններ՝ գերիների փոխանակումից հետո: