Արցախյան այս պատերազմին լիբանանահայերի կամավորական ջոկատի մասնակցության մասին տեղեկությունները նախ հայտնվեցին ոչ պաշտոնական հարթակներում, իսկ օրերս արդեն պաշտոնապես հաստատվեց Լիբանանից մոտ 20 հոգանոց հայկական ջոկատի մեկնումը՝ Արցախ: Տեղեկությունը «Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում հաստատել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունյանը (Բագրատունի), նշելով նաև, որ Արցախ կամավորականներ ուղարկող կամ նրանց գրանցող որևէ կազմակերպություն Լիբանանում չկա: Միջազգային գործակալությանը նա հայտնել է, որ կամավորագրված ավելի քան 20 հոգին գործել են սեփական կամքով, համայնքի կառույցները նրանց ո՛չ կանխել, ո՛չ էլ համոզել են: «Սա գոյաբանական կռիվ է, և շատ երիտասարդներ ուզում են գնալ ու մասնակցել»,-ասել է նա:
«Ռոյթերզ»-ը վկայակոչել է նաև Հայաստանում հայ և օտարերկրյա կամավորականներ պատրաստող մարտական հրահանգիչ Կարապետ Աղաջանյանի խոսքերը, որն ասել է, թե մոտ 10 լիբանանահայեր վերապատրաստում են անցել իր ճամբարում: Ըստ Աղաջանյանի՝ նրանք Բեյրութից ժամանել են սեպտեմբերի վերջին, մարտերը սկսվելուց հետո՝ առաջնագիծ մեկնելու համար:
Մեջբերելով լիբանանահայ համայնքի անդամների խոսքերը, լրատվամիջոցը նշում է, որ մեծ թվով լիբանանահայեր Հայաստան ժամանել են մարտերից շատ առաջ՝ օգոստոսին, Բեյրութի նավահանգստի պայթումից հետո դրան նախորդած և հաջորդած տնտեսական փլուզման պատճառով: Հայաստանում ապահովություն փնտրած և Լիբանանը լքած հայերից մեկն էլ Վարդգեսն է (ազգանունը նշված չէ), որը «Ռոյթերզ»-ին ասել է, թե երբեք չէր կարող պատկերացնել, որ կամավորագրվելու է Արցախի պաշտպանությանը, բայց մեծ ցանկություն ունի ինչ-որ բան անելու երկրի համար:
Արցախյան պատերազմին լիբանանահայ և առհասարակ, սփյուռքահայ կամավորականների մասնակցության փաստը հաստատող ևս մեկ վկայություն է նշում «Ռոյթերզ»-ը՝ հիշեցնելով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը. վերջինս, առանց հստակ թիվ նշելու, հայտարարել էր, որ սփյուռքից շատերն են կամավորագրվել: Հայ ռազմական հրահանգիչն ասել է, որ մարտական պատրաստություն անցնող կամավորականների մեջ հայեր կան նաև Արգենտինայից և ԱՄՆ-ից:
Մեծ է նաև սփյուռքի նյութական և բարոյական աջակցությունը՝ Հայաստանին և Արցախին: «Ռոյթերզ»-ը նշում է հատկապես տնտեսական անկման մեջ գտնվող լիբանանահայերի դրամահավաքի մասին հոդվածը վերնագրելով «Չնայած Լիբանանի տառապանքներին, հայերը գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի համար»: «Ռոյթերզ»-ը գրում է, որ նրանցից շատերի նախնիներն այդ երկրում հաստատվել են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններից հետո: Բեյրութի մայրուղու վրա նրանք այս օրերին պաստառներ են կախել՝ «Վերջ ադրբեջանական ագրեսիային» գրությամբ:
Գործակալությունն անդրադարձել է նաև այս պատերազմում զոհված երկու լիբանանահայերից մեկին՝ երգիչ Գևորգ Հաճյանին (նկարում): Նա պատերազմ էր գնացել ոչ թե Լիբանանի Այնճար հայավանից, այլ Հայաստանից, ուր հաստատվել էր մոտ տասնհինգ տարի առաջ։ Նրա մայրը՝ Այնճարում ապրող 74-ամյա Սոսե Հաճյանն իրեն համարում է հազարավոր հերոսների մայրերից մեկը, որոնց որդիները զոհվեցին հանուն հայրենիքի:
Այնճարի քաղաքապետն էլ «Ռոյթերզ»-ին հայտնել է, որ այնճարցիները նույնպես մասնակցել են դրամահավաքին. «Օգնություն են ուղարկել անգամ այն ընտանիքները, որոնք իրենց վարձերը նույնիսկ չեն կարողանում վճարել: Շատերը իրենց ունեցածից ավելի են տվել»․ ասել է քաղաքապետ Վարդգես Խոշյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։