ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200000 դեղաչափ։
«Կարեւորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200000 դեղաչափը նախատեսված է 100000 հոգու համար»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Ավանեսյանը։
Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։
Ավանեսյանը հուլիսի 29-ին ասել էր, որ շուտով Հայաստանում կլինեն չինական «Սինոֆարմ» եւ ամերիկագերմանական «Ֆայզեր» պատվաստանյութերը:
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում եւ շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: