Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999-ի օգոստոսի 17-ի Մարմարայի ավերիչ երկրաշարժի տարելիցի առթիվ իր ելույթում նշել է, որ երկրաշարժերը Թուրքիայի եւ Ստամոբւլի ամենակարեւոր խնդիրներից մեկն են։
Նա հիշեցրել է, որ եթե 1999-ին Ստամբուլի բնակչությունը 10 միլիոն էր, այսօր արդեն քաղաքում բնակվում է շուրջ 20 միլիոն մարդ՝ ներառյալ փախստականները։ Հետեւաբար այսօր այդ խնդիրը Ստամբուլի համար ավելի արդիական է ու ավելի կենսական, քան տասնյակ տարիներ առաջ։
Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ մեկ երրորդը սեյսմակայուն չէ։
1999-ի օգոստոսի 17-ի Մարմարայի 7,7 մագնիտուդով երկրաշարժից զոհվել էր շուրջ 15 հազար, վիրավորվել ավելի քան 25 հազար, եւ առանց տանիքի մնացել 600 հազար մարդ: Երկրաշարժի պատճառած վնասը 25 միլիարդ դոլար էր:
Ըստ Ստամբուլի քաղաքապետարանի եւ Ճապոնայի միջազգային գործակալության համատեղ ուսումնասիրության՝ առաջիկա տասնամյակում՝ մինչեւ 2030 թվականը, Թուրքիայում սպասվում է 7,5-7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի դեպքում զոհերի թիվը կարող է անցնել 90 հազարից, ավելի քան 1 միլիոն մարդ կմնա առանց տանիքի:
Սեյսմոլոգներն ակտիվորեն հետեւում են բարձր տեկտոնական ակտիվության գոտու՝ հյուսիս-անատոլիական բեկվածքին, որի հիմնական հատվածն անցնում է Թուրքիայի տարածքով:
Ավելի քան 1000 կմ ձգվող բեկվածքն անցնում է Եվրասիական եւ Անատոլիական տեկտոնիկ սալաքարերի միջով: Սալաքարերի շարժման արագությունը շփման հատվածում տարեկան 13-20 միլիմետր է: Ավելի քան 100 կմ լայնությամբ մերձբեկվածքային գոտիները ենթակա են ձեւափոխման: Դրանցից մեկը մասնագետներն անվանում են «սեյսմիկ ճեղքվածք», որը Ստամբուլից 20 կմ հեռավորության վրա է: Սեյսմոլոգները ենթադրում են, որ հենց այստեղ էլ կարող է լինել կործանարար երկրաշարժի էպիկենտրոնը:
ՄԱԿ-ի տարածշրջանային զարգացման կենտրոնի եւ Երկրաբանական վտանգների միջազգային ծրագրի (GeoHazards International) կազմած «Սեյսմիկ անվտանգության համապարփակ նախաձեռնության» (Global Earthquake Safety Initiative /GESI) համատեղ զեկույցում ընդգծվում է, որ Ստամբուլը Կատմանդուից (Նեպալ) հետո Ասիայում երկրաշարժերի մահացու ելքերի վտանգի առումով երկրորդ հորիզոնականում է: