Красная звезда թերթին տված հարցազրույցում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բանակային միջազգային խաղերի մասնակիցների թիվը 2021-ին կգերազանցի 455 հազարը: Բանակային միջազգային խաղերի շրջանակում այս տարի մրցույթներ կանցկացվեն աշխարհի տարբեր երկրներում, որոնց թվում նաեւ Հայաստանում:
«Բանակային միջազգային խաղեր-2021»-ը կանցկացվի 11 երկրում, իսկ 34 մրցույթներին կմասնակցի 34 պետության ավելի քանի 280 թիմ:
«Այս տարվա մասնակիցների ընդհանուր թիվը, հաշվի առնելով մեր զինված ուժերում ընտրական փուլերը, մոտ 459 հազար է` օդաչուներ, տանկիստներ, նավաստիներ, մոտոհրաձիգներ, դեսանտայիններ, մարտական մեքենաների, տեխնիկայի վարորդներ, հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատորներ, դիպուկահարներ, բժիշկներ… մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր մասնագետները»,- ասել է Շոյգուն։
Առաջին անգամ կմասնակցեն Բրազիլիայի, Բուրկինա Ֆասոյի, Կիպրոսի, Մալայզիայի, Կամերունի եւ Էկվադորի զինվորականները: Բացի դրանից՝ սպասվում են 11 խումբ դիտորդներ, որոնցից չորսը ՆԱՏՕ-ի երկրներից կլինեն:
Մրցույթներից երեքը («Մարտավարական հրաձիգ», «Մերիդիան» ռազմական տեղագրողների մրցումներ եւ «Մշակույթի բանակ» երաժշտական-պարային մրցույթ) կանցկացվեն առաջին անգամ:
«Բանակային խաղեր-2021»-ը կմեկնարկի օգոստոսի 22-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ռուսաստանը կընդունի 16 մրցույթ, Բելառուսը, Չինաստանը եւ Իրանը կանցկացնեն երեքական մրցույթ, երկուական մրցույթ տեղի կունենա Վիետնամում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Մոնղոլիայում:
Հայաստանը, Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական Հանրապետությունը, Սերբիան եւ Քաթարը կանցկացնեն մեկական մրցույթ։