Շիրակի գյուղերում գըվուգ են անվանում տան նկուղը կամ այն սառը անկյունը, որտեղ տնարար տանտիկինները պահում են ձմեռվա համար նախատեսված հատընտիր մթերքը։ Գըվուգն առանձնահատուկ բուրմունք ունի՝ անարատ յուղ ու պանրի, ղավուրմայի, թարմ լավաշի ու կանաչիների։
Եթե քաղաքից չես կարող հասնել գյուղ ու վայելել Գըվուգի տնական՝ թոնրի ծաղիկհատ հացն ու հումսերը, ուրեմն գյուղն իր գաստրոմշակույթով կայցելի քաղաք։ Այսպես մտածեցին ամուսիններ Համլետ եւ Էլիզա Գեւորգյանները, նրանց միացավ նաեւ արվեստագետ, նկարիչ Հրաչ Վարդանյանն, ու դիմեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրին:
«Ներկայացրինք այն գաղափարը, որ կարող ենք քաղաքում ունենալ մի վայր, որը կապող օղակ կլինի Շիրակի մարզի գյուղերի արտադրողների համար, կներկայացվի տեղական արտադրության ու էկոլոգիապես մաքուր ուտելիք»,- ասում է Գըվուգ գաստրոտան համահիմնադիր Հրաչ Վարդանյանը։
Գըվուգի գաղափարը դուր եկավ ֆինանսավորող կազմակերպությանը։ 2019 թվականից սկսած՝ փոքրիկ ու հարմարավետ գաստրոտունը դարձավ տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։
Այցելուներին առաջինը հաճելիորեն հրապուրում է «տատիկի տան» բուրմունքը, ինչին հաջորդում է աչք շոյող, պարզ լուծումներով ու բարձրաճաշակ ձեւավորումը։ Առանց ավելորդ նախշազարդումների՝ Գյումրվա սեւ տուֆից շարված պատերի մեջ հրաշալիորեն ներկայացված են գյուղական պարզ կահույքն ու կահ-կարասին, գորգը եւ, որ ամենակարեւորն է, ջերմ հյուրընկալությունը։
Գաստրոտան հետ սկսեցին համագործակցել մարզի մի շարք համայնքներ՝ դառնալով որակյալ գյուղմթերքի մշտական մատակարարներ։ Այցելուները, բացի համեղ սնվելուց, տեղում կարող են գնել տնական յուղ, պանիր, բաստուրմա, ձու, թթու, թոնրի լավաշ։
Էլիզա Գեւորգյանի ստեղծած ընտանեկան մթնոլորտը անփոխարինելի միջավայր է ապահովում այցելուների համար։ Գըվուգի տերն ու ծառան է տիկին Էլիզան։ Ինչպես վայել է հայկական օջախին, ե՛ւ եփում-թափում է, ե՛ւ մատուցում իր պատրաստածը, ժպտում ու բոլոր հարցնողներին անկեղծորեն բացահայտում է տնական ուտեստների բաղադրատոմսերը։
«Երեկ քալագյոշի բաղադրատոմսը ուզեցին, մանրամասն բացատրեցի. ղավուրմայով տեսակն էին հավանել»,- պատմում է տիկին Էլիզան ու թվարկում այն ուտեստները, որոնք այցելուների ամենաբարձր գնահատականին են արժանանում՝ պանրխաշ, տնական թաթարբորակի, պոչով ապուր, սպաս, փոխինձով ու յուղով գնդիկներ, Գյումրվա քյալլա․․․
Ճաշացանկը երկար թվարկելուց հետո տիկինը ծիծաղելով ներկայացնում է այցելուների միակ դժգոհությունը։ Ասում են՝ ինչ եք անում, որ մեկ անգամ եկողը վերադառնալ է ուզում։ Ասում եմ՝ սեր ենք դնում մեր գործի մեջ։
Գաստրոտան մշտական այցելուներից է Արմեն Հարությունյանը, որ զբոսաշրջիկներ է բերում Գյումրի։ Առաջին հարցը, որ հյուրերը տալիս են Արմենին՝ Գըվուգում տիկին Էլիզայի ձեռքով պատրաստած պանրխաշն ուտելո՞ւ ենք։ «Միշտ ուրախ ու գոհ ենք գնում այստեղից։ Տարածքը, ճիշտ է, փոքր է, բայց ավելի մտերմիկ է դարձնում միջավայրը»,- ասում է նա։
Գաստրոտան տնօրեն Համլետ Գեւորգյանը Գըվուգի գործունեությունը չի դիտարկում միայն որպես գումար վաստակելու միջոց։ Արդեն համոզվել են, որ իրենց գործունեության շնորհիվ զարգանում է զբոսաշրջությունը, խթանվում է գյուղմթերքի սպառումը, պահպանվում ավանդական, տատերից ժառանգված խոհանոցային մշակույթը եւ գնահատվում նորովի։
«Նորի հետեւից գնալով՝ չկորցնենք մեզ հասած, ավանդական գյուղական պատրաստման եղանակները։ Շատ կարեւոր է, որ մթերքը գնահատվի իր նախնական՝ ելակետային տեսքով։ Այսօր լավաշի մեծ ընտրություն կա շուկայում, բայց լավաշի արժեքը թոնրի մեջ թխված լինելն է»,- ասում է Համլետը։
Տպավորիչ արդյունքներից ոգեւորված՝ գործարարները Եվրամիության ծրագրով մոտ ապագայում նկուղային տարածքը վերածելու են պանրի մառանի՝ տարածաշրջանին բնորոշ կանաչ, ճիշտ տեխնոլոգիայով հնեցված չեչիլ պանիրը դարձնելով Շիրակի այցեքարտերից մեկը։
Մտադիր են նաեւ հիմնել Գյումրվա օդա, որտեղ կվերականգնվի հին՝ մեկտեղ հավաքվելու, հեքիաթներ պատմելու, շփվելու, արմատների հետ հաղորդակցվելու ավանդույթները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։