Օգոստոսի 19-ն աշխարհում նշվում է որպես մարդասիրության օր։ Ամեն տարի այն ունենում է որոշակի ուղղվածություն, այս տարի շեշտը կլիմայական փոփոխության վրա է դրված։ Կոչ է արվում աշխարհի առաջնորդներին քայլեր ձեռնարկել՝ օգնելու այն մարդկանց, որոնք կլիմայական փոփոխությունների պատճառով ամենախոցելի խմբերում են։
Մարդասիրության միջազգային օրվա առթիվ առաջարկվում է սոցիալական ցանցերում օգտագործել #TheHumanRace (#ՄարդկանցՄրցավազքը), #WorldHumanitarianDay (#ՄարդասիրությանՄիջազգայինՕր) հեշթեգերը։ #TheHumanRace-ը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նոր քարոզարշավն է՝ համաշխարհային մարտահրավեր՝ կլիմայի փոփոխությունների դեմ միջոցներ գործի դնելու համար։
Մարտահրավերին միանալու համար պետք է գրանցվել կայքում եւ մինչեւ օգոստոսի 31-ը 100 րոպե տեւողությամբ որեւէ գործողություն անել՝ վազել, քայլել, լողալ, թիավարել եւ այլն։ Մարդկանց գործադրած ջանքերի ու կայքում գրանցած 100 րոպեի շնորhիվ աշխարհի առաջնորդներին նամակ է ուղարկվում՝ «Կլիմայական ճգնաժամի դեմ մրցավազքում մենք ոչ ոքի չենք կարող մեզնից հետ թողնել»։
Սա կոչ է զարգացած երկրների ղեկավարներին՝ աջակցելու զարգացող երկրներին ու նրանց տրամադրելու տասնամյակներ շարունակ իրենց խոստացած տարեկան 100 միլիարդ դոլարը։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերին։
Ինչպե՞ս է ծնվել մարդասիրության միջազգային օրը
2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ռմբակոծվել է «Կանալ» հյուրանոցը։ Ռմբակոծության հետեւանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ Իրաքում Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ ներկայացուցիչ, ավելի քան 34 տարի ՄԱԿ-ի մարդասիրական մի շարք ծրագրեր իրականացրած Սերջիո Վիեյրա դե Մելլոն։ Այս օրը հենց ի հիշատակ նրանց է նշվում։
Ինչո՞ւ է կարեւոր միջազգային օրերը նշելը
Միջազգային օրերն ու շաբաթները մարդկանց կրթելու, մտահոգիչ խնդիրների մասին բարձրաձայնելու, դրանց համար լուծումներ փնտրելու ու տվյալ ոլորտում մարդկանց նվաճումների մասին խոսելու եւս մեկ հնարավորություն են։
Վիճակագրություն
Ըստ ՄԱԿ-ի՝ 2021 թվականին 235 միլիոն մարդ աշխարհում մարդասիրական օգնության կարիք ունի։ Իսկ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ տարեկան մոտ 150000 մարդ մահանում է կլիմայի փոփոխության պատճառով։
2021 թվականի հունվարին երկրի ցամաքային ու ջրային մակերեւույթի ջերմաստիճանը 0.80°C-ով բարձր է եղել 20-րդ դարում գրանցված միջին ջերմաստիճանից։ Ենթադրվում է, որ մինչեւ 2100 թվականը Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը կարող է բարձրանալ եւս 1.4–5.8°C-ով։ Իսկ ահա 2011-2020 ժամանակահատվածը գրանցված ամենատաք տասնամյակն է։
Կլիմայական փոփոխության պատճառները
Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը ջերմոցային էֆեկտն է։ Որոշ գազեր ջերմոցի ապակու նման կլանում են արեւի ջերմությունը ու չեն թողնում, որ այն վերադառնա տիեզերք։ Այսպես է առաջանում գլոբալ տաքացումը։ Այս գազերից ածխածնի երկօքսիդը, որն արտադրվում է մարդու գործունեության հետեւանքով, գլոբալ տաքացման գլխավոր «հովանավորներից» է։ 2020 թվականին դրա պարունակությունը մթնոլորտում հասել է 48 տոկոսի։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի մակարդակի բարձրացմանը նպաստում են ածխի, նավթի, գազի այրումը, անտառահատումները եւ այլն։
Կլիմայական փոփոխության հետեւանքները
Ջերմաստիճանի եւ տեղումների քանակի փոփոխությունները կարող են հանգեցնել հիվանդությունների տարածման։ Այդպիսիք են ջրի սակավությամբ պայմանավորված հիվանդությունները, օրինակ՝ փորլուծությունը կամ վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ մալարիան։ Կլիմայական փոփոխությունը կարող է ազդել նաեւ սննդի արտադրության վրա, ինչը կհանգեցնի մարդկանց թերսնուցման։
Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հաճախակի երաշտները, փոթորիկները, ջրի մակարդակի բարձրացումները, հալվող սառույցները կարող են վնասել ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիներին՝ վերացնելով նրանց բնակավայրերը։
Այսպիսով՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել կլիմայական ճգնաժամը կանխելու համար։ Դրա համար պետք է նվազեցնել նշված վառելիքի օգտագործումը, պահպանել բնությունն ու զերծ մնալ անտառահատումներից, օգնել զարգացող երկրներին անցում կատարելու էներգիայի ստացման այնպիսի աղբյուրների, ինչպիսիք քամին ու արեւն են։
Տարբեր ժամանակահատվածներում ընդունվել են նաեւ փաստաթղթեր՝ վերահսկելու կլիմայական փոփոխությունն ու կանխելու դրա անդառնալի հետեւանքները։ Դրանցից են ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին, Կիոտոյի արձանագրությունը, Փարիզի համաձայնագիրը։