Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2 հազարին: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Փրկարարների աշխատանքը խոչընդոտում են «Գրեյս» անունով փոթորկի ծանր հետևանքները։ Փլատակներում դեռեւս մարդիկ կան, եւ զոհերի թիվը, ըստ ամենայնի, կավելանա:
Ստորգետնյա ցնցումներից ավերվել է ավելի քան 37300 տուն: Առավելապես տուժել է Լե Կե ավանը: Բնական աղետը վերապրածներից շատերը զրկված են պարենից, կացարաններից և բուժօգնությունից:
Երկրաշարժը եղել է անցած շաբաթ օրը Հայիթիի հարավարևմտյան շրջանում, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,2 բալ:
Հայիթիում մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանվել: Մի շարք երկրներ, որոնց թվում՝ Ֆրանսիան, մարդասիրական օգնություն են ուղարկել Հայիթի: ՄԱԿ-ն իր հերթին 8 միլիոն դոլար է հատկացրել Հայիթիին։
Հայիթիում վերջին բնական աղետներին նախորդել է ահաբեկիչների կողմից նախագահ Ժովենել Մոյսի սպանությունը: