Հռոմի Ֆրանցիսկոս պապը բոլորին հորդորել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ ընդգծելով, որ միայն պատվաստումն է ընդունակ վերջ տալու համավարակին:
Նա շեշտել է, որ համավարակը կհաղթահարվի, եթե պատվաստանյութը հասանելի լինի բոլորին, հատկապես չքավոր պետությունների բնակիչներին:
«Պատվաստվելը մերձավորի ու ազգականի հանդեպ սիրո արտահայտություն է, այդ սերը նաեւ քաղաքական ու սոցիալական է, համամարդկային: Պատվաստումը վիրուսից պաշտպանվելու մատչելի եւ հզոր զենք է»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չքավոր երկրներ պատվաստանյութ ուղարկող միջազգային կառույցների համաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում:
Ֆրանցիսկոսը ցավով նշել է, որ աշխարհում պատվաստանյութի նկատմամբ անվստահություն կա, որի պատճառով շատերը հրաժարվում են պատվաստումից եւ վարակվում կորոնավիրոսի արագ տարածվող «Դելտա» շտամով:
Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է այս տարվա մարտին՝ հայտնելով, որ պատվաստվելը բարոյական պարտք է:
«Դելտան» եւ չպատվաստված համայնքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են նաեւ արագ տարածվող եւ վտանգավոր «Դելտա» շտամից:
Նա նշել է, որ պատվաստանյութերը «Դելտա»-ի պարագայում կանխում են հիվանդության ծանր ընթացքը եւ նվազեցնում են մահվան դեպքերը:
ԱՀԿ-ի փորձագետ Մարիա Վան Կերհովն ընդգծել է, որ «Դելտա»-ն առավել շատ է շրջանառվում այն համայնքներում, որտեղ քիչ է պատվաստվածների թիվը, եւ մարդիկ չեն պահպանում համավարակի կանխմանն ուղղված սոցիալական հեռավորություն պահպանելու եւ դիմակ դնելու կանոնները: