2018 թվականի իշխանափոխությունից հետո (ի դեպ շատերն ընդգծված ձեւով հակված են դա հեղափոխություն անվանելու) Հայաստանի իշխանությունը կարող էր իր վայելած ժողովրդականությունը ծառայեցնել բանակցային գործընթացում խաղաղության կամքն ընդգծելու համար։
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ բեկում մտցնել կարգավորման գործընթացում։ Այսօր շատ ավելի հստակ է երեւում, որ ամբոխավարական խոսույթն ինքնին գործոն է դարձել՝ հայկական կողմի խաղաղության կամքի վրա ստվեր գցելու եւ բանակցությունները տապալելու առումով։
2018-ին իշխանության գալուց հետո, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պետք է կենտրոնանար Անկարա-Երեւան հարաբերություններն առավելագույն չափով բնականոնացնելու վրա՝ իր վայելած ժողովրդականությունն ու նրանով պայմանավորված ճկունանալու լուսանցքը ծառայեցնելով այդ նպատակին։ Ակնհայտ է, որ երեք տասնամյակ շարունակ սա մնում է Հայաստանի օրակարգի ամենակնճռոտ խնդիրը։
Փաշինյանը ո՛չ միայն նոր նախաձեռնություն չի կատարել այս ուղղությամբ, այլեւ կացությունը նախորդ տարիների համեմատ ավելի է վատթարացրել: Այլ խոսքով՝ կա՛մ չի գիտակցել այս խնդրի լրջությունը, կա՛մ նոր քայլ կատարելու համարձակություն չի ունեցել, ինչպես ունեցել են իր կողմից ատելի ու միշտ թիրախավորված նախկին նախագահները:
Արդարեւ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ հարգանք էր վայելում Թուրքիայի կողմից։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ այդքան նախընտրելի կամ համակրելի կերպար չի եղել թուրքական կողմի համար, սակայն նրա օրոք Անկարա-Երեւան երկխոսությունը, շփումները չէին ընդհատվել։ Այդ շրջանի Թուրքիայի Հանրապետության նախագահ Սուլեյման Դեմիրելի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, թեեւ համեմատաբար նվազ ջերմ, բայց հանդիպումներ տեղի էին ունեցել (Յալթայում եւ Ստամբուլում): Թեկուզեւ այդ մակարդակի վրա ամեն ինչ արդարացված չէր, բայց հարեւան երկու պետությունների միջեւ կապն ուղղակի պահվում էր: Արտաքին գործերի նախարարներ Իսմայիլ Ջեմն ու Վարդան Օսկանյանը բանակցություններն առաջ էին տանում դրական ոգով։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին էլ պատմական իրադարձություններ տեղի ունեցան: «Ֆուտբոլային դիվանագիտությունը» զուտ երկկողմանի շարժառիթով այցելությունների առիթ ընձեռեց նախագահներին. Աբդուլա Գյուլը դարձավ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, որ այցելեց Հայաստան։ Սերժ Սարգսյանն էլ փոխադարձեց։ Եվ իհարկե, ամենակարեւորը՝ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրությունները։
Միջանկյալ նշենք, որ այս բոլորը, վերջին հաշվով, ամուլ գործընթացներ եղան, որովհետեւ Անկարա-Երեւան հարաբերությունների բնականոնացման որոնումների մեջ բեկումնային պահ մտցնելուց հեռու մնացին։ Սա միայն հետադարձ հայացքով չէ, որ պարզ է դառնում: Նույնիսկ այդ իրադարձությունների ընթացիկ շրջանում, գագաթնային պահերին կային վերապահումներ, զգուշություններ, նաեւ որոշ թերահավատություն։
Քննադատություններ էին արվում, եւ անհանգստություններ էին հնչում, թե Թուրքիան պարզապես փորձում է ժամանակ շահել՝ առանց գործնական քայլ կատարելու, թե փորձում է շոու սարքել միջազգային հանրության համար, որպեսզի նվազեցնի կամ հավասարակշռի երրորդ երկրների ճնշումներն իր վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ակնկալությունների պայմաններով։
Ցյուրիխյան արձանագրությունների ձախողումից հետո կողմերի հարաբերությունները մտան երկար դադարի շրջան, ինչն անակնկալ չէր։
Առիթ էր պետք նոր տեղաշարժի համար։ Փաշինյանի իշխանության գալը ճիշտ այդ փուլին եւ նրանից բխող իրավիճակին զուգադիպեց, սակայն վարչապետը կարծես անտարբեր էր այդ ուղղությամբ: Իրադարձություններն այնպես զարգացան, որ Թուրքիան առաջին անգամ Հայաստանի նոր ղեկավարի նույնիսկ զարկերակը զգալու, նրան ճանաչելու կարիքն էլ չզգաց։ Երկու մայրաքաղաքներից ԶԼՄ-ների միջոցով սուր պատգամներ փոխանակվեցին, եւ հարաբերությունները շարունակեցին մնալ փակուղում։
Կողմերը անհաղորդ մնացին իրար, մի բան, որ անհրաժեշտ չէր Հայաստանին. Հայաստանի համար նպաստավոր կարող էր լինել քաղաքական դրական կամքի թարմացումը՝ ի հաճս Թուրքիայի եւ ամբողջ միջազգային հանրության։ Եթե այս ճակատի վրա ինչ-որ բան փորձեր, իսկ եթե հաջողության էլ հասներ, ապա Փաշինյանն իսկապես հեղափոխություն արած կլիներ, որովհետեւ երկրի ամենաբարդ հարցերից մեկի ուղղությամբ տեղաշարժ ապահոված կլիներ: Եթե նույնիսկ իր փորձը ձախողվեր, հայկական կողմը չէր վնասվելու, ավելին՝ ինքը մեծ քայլ էր անելու որպես պետական գործիչ կայանալու, ինքնահաստատվելու ճանապարհին։
Երիտասարդ պետությունների կյանքում շատ բան ղեկավարներից է կախված: Հայաստանի նման երկրի ղեկը պետք է հանձնվի պետական մտածելակերպը ամբողջությամբ յուրացրած գործիչների։ Այլապես պետականության գոյության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մարտահրավերները եթե հրապարակայնորեն համեմատության մեջ դրվեն ժողովրդի բարեկեցության հետ, ապա արտաքին աշխարհը անխուսափելիորեն հետեւություններ է անելու, թե այդ բոլորը սակարկության առարկա կարող են լինել:
Պետության ղեկավարը պետք է կարողանա խորաթափանցորեն կատարել մշտականի եւ ժամանակավորի տարանջատումը, այլապես վերոնշյալ գաղափարները ժողովրդի կողմից դժվար թե ընկալվեն որպես միանշանակ արժեք, ընդհանուր հայտարար:
Պետականության ամբողջական պատկերացումով, լիարժեք մտածելակերպով որեւէ ղեկավարություն ամենայն հավանականությամբ կարող էր կանխել այս պատերազմը կամ առնվազն այնպես անել, որ այս մակարդակի ձախողում եւ անկում չառաջանար:
Բայց ափսոսանք հայտնելը, երանի տալը ոչինչ չի փոխի: Առկա իրողության հետ պետք է պաղարյուն կերպով հաշվի նստել ու պետք է նայել դեպի ապագա։
Արա Գոչունյան
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր