Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի. երկրում շուրջ 4 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել: Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն օգոստոսի 19-ին արտաքին գործերի կոմիտեի հետ համատեղ արտակարգ ունկնդրումների ժամանակ հայտարարել է, որ նման իրավիճակ է ստեղծվել երաշտների, կորոնավիրուսի համավարակի եւ մարտական գործողությունների հետեւանքով:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ օգնության կարիք ունեցող 18 միլիոն աֆղանստանցիներից մոտ 10 միլիոնը երեխաներ են: Իսկ մինչեւ հինգ տարեկան երեխաներին կեսին այս տարի սպառնում է լուրջ թերսնում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Ռուփերտ Քոլվիլը «Թալիբան» շարժմանը կոչ է արել կատարելու ներառական կառավարության ստեղծման եւ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված իր խոստումները: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը ուշի-ուշով հետեւում է դրան:
Դադարեցնել աֆղանստանցիների բռնի արտաքսումը
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) եւս կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրներին՝ հորդորելով դադարեցնել աֆղանցիների բռնի արտաքսումը՝ Աֆղանստանում ստեղծված դժվարին իրադրության պատճառով:
ՄԱԿ-ի ՓԳԿՎ ներկայացուցիչ Շաբիա Մանթուն Ժնեւում հայտարարել է, որ Աֆղանստանում ստեղծված նոր՝ արտակարգ հումանիտար իրավիճակի եւ իրադրության արագ վատթարացման պայմաններում անհրաժեշտ է հաշվի չառնել, որ ավելի վաղ երկիրը լքած աֆղանստանցի փախստականները միջազգային պաշտպանության կարիք չունեցող անձանց կատեգորիայում են:
Նա ողջունել է եվրոպական մի քանի երկրների՝ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ դեռեւս 2021-ի սկզբից՝ մինչեւ վերջին օրերս Քաբուլում ստեղծված քաոսը, 550 հազարից ավելի աֆղանստանցիներ ստիպված են եղել լքել երկիրը:
Կասեցնել անօրինական ներգաղթը
ԵՄ Ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը եւս Եվրամիության երկրներին առաջարկել է հրաժարվել անօրինական ներգաղթյալներին հարկադրաբար Աֆղանստան վերադարձնելու գործելակերպից եւ Եվրոպայում փախստականների օրինական եւ անվտանգ վերաբնակեցման մեխանիզմ մշակել: Յոհանսոնը նշել էր, որ ԵՄ նախարարներին Աֆղանստանի վերաբերյալ գործողությունների ծրագիր կառաջարկի: Նա ընդգծել է, որ պետք է անօրինական ներգաղթի դեմն առնել:
Շուրջ յոթ տասնյակ երկրներ, որոնց թվում՝ Եվրամիության անդամ պետություններն ավելի վաղ համատեղ հայտարարությամբ հորդորել են Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ երկրի բնակիչներին ու արտասահմանցիներին: ԱՄՆ պետքարտուղարության տարածած համատեղ փաստաթղթում ասված է, որ ճանապարհները, օդանավակայաններն ու սահմանները պետք է մնան բաց եւ ապահով:
«Աֆղանստանի ժողովուրդն անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունք ունի, իսկ միջազգային հանրությունը պատրաստ է այս հարցում աջակցելու նրանց»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ: