Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքը նոր իշխանությունների տրամադրության տակ է ու կարող է հեշտացնել միջազգային ասպարեզում նրանց գործունեությունը։
Էրդողանը նշել է, թե Թուրքիան պատրաստ է ճանաչելու «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում եւ իր այդ մոտեցումը չի փոխել։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ողջունում է «Թալիբան»-ի առաջնորդների ոչ ծայրահեղական, չափավոր հայտարարությունները։ Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ է ամեն տեսակի համագործակցության՝ «հանուն աֆղան ժողովրդի խաղաղության, այդ երկրում ապրող մեր թուրք ազգակիցների բարեկեցության ու մեր երկրի շահերի պաշտպանության»։
Էրդողանը նշել է նաեւ, որ Իրանի հետ սահմանակից Աղրը, Հաքքարի, Իգդիր եւ Վան նահանգների սահմաններին շարունակվում է փախստականների ներհոսքը կանխարգելելու նպատակով պարիսպների կառուցումը։ Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն իր հերթին հայտնել է, որ Անկարան Քաբուլի եւ Դոհայի միջոցով կապի մեջ է թալիբների հետ: Չավուշօղլուն հիշեցրել է, որ «Թալիբանի» ներկայացուցիչներին Թուրքիա այցելելու հրավեր է արվել նախքան նրանց կողմից Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ Անկարայի՝ Աֆղանստանում ձեւավորվելիք նոր կառավարության օրինակարգությունը ճանաչելու հարցին: Նա հավելել է, որ Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ: Ըստ նրա՝ Անկարան շփումներ է պահպանում բոլոր երկրների հետ, որպեսզի այս հարցում Թուրքիայի դիրքորոշումն ու հայտարարությունները համահունչ լինեն այդ երկրների դիրքորոշումներին:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ուրբաթ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:
«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները միջազգային հանրության հետ, գործենք միասին: Հիմա սխալ կլինի ցանկացած վաղաժամ որոշում»,- եզրափակել է Չավուշօղլուն: