ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, նշել է, որ զենքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է։
«Ինչ ասես կարդում ու լսում ենք դրա մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:
Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, իսկ 2020-ի նոյեմբերին եւ 2021-ի հունվարին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը Ռուսաստանի առաջնահերթությունից է։
Ավելի վաղ CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիեւը մեղադրել է Հայաստանին խաղաղության պայմանագիրը ստորագրել չցանկանալու եւ ռեւանշիստական տրամադրությունների մեջ:
Նա միաժամանակ «անտրամաբանական» է որակել Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները:
Ադրբեջանի նախագահը հորդորել է դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումը։ Նա ընդգծել է, թե Ադրբեջանն ակնկալում էր, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարի, քանի որ Հայաստանին աջակցելու անհրաժեշտություն չկա։
Ալիեւը սակայն միաժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։
Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանը մտադիր է Իսրայելից 2 միլիարդ դոլարի զենք գնել։