Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Արաբական Միացյալ Էմիրություններից հանդես է եկել ուղերձով՝ Աֆղանստանից իր փախուստը դարձյալ արդարացնելով երկրում արյունահեղությունը կանխելու մտադրությամբ:
«Արեւմտյան իմ բոլոր գործընկերներն ինձ ասել են, որ եթե չհեռանամ, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա, եւ իմ մնալը կարող է պատերազմ հրահրել։ Ուստի վճռեցի պատասխանատվություն դրսեւորել իմ ժողովրդի հանդեպ: Ես չէի ուզում, որ մեզ մոտ սկսվի այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում կամ Եմենում: Եթե ես մնայի, կենթարկվեի մահապատժի»,- ասել է Ղանին:
Ղանին կտրականապես հերքել է Աֆղանստանից իր հետ մեծ գումար դուրս հանելու մասին ասեկոսեները:
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Աբու Դաբիի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն է ստանում։ Երեկվա դրությամբ Ղանիի վիճակը դեպի վատն էր գնում։
Մինչեւ չորեքշաբթի Ղանիի գտնվելու վայրը հայտնի չէր։ Միայն չճշտված տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ նա Տաջիկստանում, Ուզբեկստանում կամ Քաթարում է։
France-Presse-ը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մեկն է երեք պետություններից, որոնք ժամանակին ճանաչել են Աֆղանստանում 1996-2001-ին իշխած թալիբների ռեժիմը։ Մյուս երկու պետություններն են Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը։