ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեք զինծառայողների սպանության՝ ապօրինաբար դիտավորությամբ նրանց կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն:
Այսօր՝ 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը՝ 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակիցը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ավելի վաղ հայտարարություն է տարածել, որ դեպքով վարույթ են սկսում։ Արման Թաթոյանը հայտնել է, որ զրուցել է պաշտպանության նախարարի հետ։ Նախարարը հայտնել է, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետեւանք է: