Կուբայի իշխանությունները խիստ հսկողության են սահմանել սոցիալական ցանցերի վրա՝ արգելելով պետության վարկին վնաս հասցնող հրապարակումները:
Որոշումը հիմնավորվել է նրանով, որ, ըստ կառավարության պնդման, հակառակորդները սոցցանցերի միջոցով թշնամական ակտիվություն են ծավալել:
Կուբայի նախագահ Միգուել Դիաս-Կանելը հայտարարել է, թե անցած ամիս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերը համակարգվել են համացանցով ու կառավարվել ԱՄՆ-ից։
Նոր կանոններով Կուբայում արգելվում են կեղծ լուրերի տարածումը, հանրային անդորրը խաթարելու եւ բողոքի ցույցեր անցկացնելու կոչերը:
Համապատասխան հրամանագիրը վերահաստատում է պետության մենաշնորհը հեռահաղորդակցության ոլորտում եւ օպերատորին կարգադրում սառեցնել ծառայությունը, եթե օգտատերը խախտում է հրամանագրի պահանջները:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների տարածաշրջանային ծրագրի տնօրեն Էրիկա Գեւարա-Ռոսասը հայտարարել է, որ Կուբան դարձյալ բացարձակ հսկողություն է սահմանում համացանցի եւ հեռահաղորդակցության նկատմամբ եւ «թվային հալածանք» ծավալում։ «Կուբան ցանկանում է սահմանափակել ազատորեն տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը»,- ընդգծել է միջազգային իրավապաշտպան կառույցի ղեկավարը։