Մուրադյանների ընտանիքը 1900 թվականների սկզբին Արեւմտյան Հայաստանի Կաճեթ գյուղից է տեղահանվել: Սկզբում բնակվում են Երեւանում, որոշ ժամանակ անց տան անդամներից մի քանիսն առողջական խնդիրներ են ունենում։ Քանի որ ընտանիքի մայրը՝ Մաքրուհի Մուրադյանը, բուսաբույժ էր, որոշում է տեղափոխվել բնությանը մոտ մի վայր ու տեղի խոտաբույսերով բուժել հիվանդներին: Բնակություն են հաստատում Խոսրովի անտառին հարեւան Շաղափ գյուղում: Մաքրուհու համբավը տարածվում է. գյուղում շատերին է բուժում խոտաբույսերով: Վախճանվում է 108 տարեկանում:
Տարիներ անց Մաքրուհու թոռան աղջիկը՝ Ռոզա Կաճեթցին, իմանալով պատմություններ տատիկի բուսաբուժության եւ նաեւ Խոսրովի անտառի օգտակար բույսերի մասին, որոշում է սեփական բիզնես հիմնել: Մասնակցում է ԷկոԼաբ հիմնադրամի դասընթացին, ներկայացնում իր գաղափարը, որը հավանության է արժանանում, ստանում փոքր դրամաշնորհային ներդրում (96 հազար դրամ) եւ անցնում գործի:
Այսպիսով՝ 21-ամյա աղջիկն այս ներդրման եւ իր դրամական միջոցներով ստեղծում է «Շաղափ թեյ» ապրանքանիշը, որի հիմնական առաձնահատկությունը Խոսրովի անտառի «համուհոտն» է:
«Ընտանիքիս անդամները, նաեւ համագյուղացիներս սովորություն ունեին անտառից խոտաբույսեր հավաքելու եւ դրանցից տարատեսակ թեյեր պատրաստելու: Այդ օրինակով ես էլ որոշեցի օգտագործել բնության բարիքներն ու արտադրություն սկսել: Սա ոչ միայն բիզնես է, այլ նաեւ սոցիալական ձեռներեցություն, որի շնորհիվ գյուղացիներն ապահովվում են աշխատանքով»,- ասում է Ռոզան:
Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ եւ Լուսաշող գյուղերից մի քանի բնակիչներ մշտապես մասնակցում են խոտաբույսերի հավաքմանը: Սկզբում Ռոզայենց տան մի սենյակում, այնուհետեւ փոքրիկ արտադրամասում կատարում են հումքի վերամշակման, չորացման եւ փաթեթավորման աշխատանքներ:
Աշխատանքի ամենաակտիվ շրջանը ամառն է, երբ նվազագույնը տասնհինգ հոգի են աշխատում, մյուս ամիսներին չորս-հինգ աշխատող ունեն, որոնք միայն թեյի փաթեթավորմամբ են զբաղվում: Սկզբնական շրջանում արտադրության ծավալները բավականին փոքր են եղել՝ ամսական մոտ 80 տուփ: Հիմա ե՛ւ ծավալներն են ընդյալնվել, ե՛ւ թեյերի տեսականին:
Ներկայումս ապրանքանիշն ունի 13 տեսակի թեյ՝ առանձին եւ խառնուրդներով: «Շաղափ թեյ»-ն արտահանվում է Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես նշում է Ռոզան, արտերկրում խոտաբույսերով թեյի պահանջարկն ավելի մեծ է, քան հայրենիքում:
Երիտասարդ ձեռներեցը, անդրադառնալով դժվարություններին եւ խոչընդոտներին, ասում է. «Հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ ոլորտի փորձառու մարդիկ թերահավատորեն են մոտենում, կարծում են, որ երիտասարդ տարիքում հնարավոր չէ «ծանրակշիռ» գործ սկսել: Հետո քիչ-քիչ սկսում են խորհուրդներ տալ»:
Երբ նոր էր սկսում բիզնեսը, Ռոզային շատերն ասում էին, որ սկսած գործը հաջողությամբ չի պսակվի, քանի որ հայերը ոչ թե թեյ, այլ սուրճ սիրող ազգ են: Թեեւ դանդաղ, բայց «Շաղափ թեյ»-ն իրեն արդարացնում է։ Մոտ ապագայում, թեյը չրի հետ համադրելով, նոր տեսակներ կունենան: Չրարտադրության գործում նույնպես կներգրավեն գյուղացիներին։