Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Բանակ-2021» համաժողովի նախաշեմին «Կրոնշտադտ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը հայտնել է, որ «Ինոխոդեց» հարվածային անօդաչու թռչող սարքը («Օրիոնի» տարատեսակը՝ ՌԴ զինված ուժերի համար) երեք չափանիշով գերազանցում է թուրքական «Բայրաքթարին»:
Բոգատիկովը նշել է, որ «Բայրաքթարի» հետ համեմատելու դեպքում կարելի է հստակ ասել, որ «Ինոխոդեց» ռուսական համալիրն ավելի մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի։
«Մասնավորապես «Ինոխոդեցը» զգալիորեն ավելի տեխնոլոգիական է արտադրության մեջ, միանշանակ ավելի լավն է աերոդինամիկայի եւ արհեստական ինտելեկտի տարրերի առումով»,- ասել է Բոգատիկովը։
Ռազմական փորձագետն ավելացրել է, որ եթե «Բայրաքթարը» Ռուսաստանում մշակվեր, այն բարդ ճակատագիր կունենար, քանի որ թուրքական սարքը չի համապատասխանում ռուսական մի շարք ռազմական պահանջների։
«Ինոխոդեցը» դասվում է թռիչքի մեծ տեւողությամբ միջին բարձրության հարվածային անօդաչու թռչող սարքերի թվին։ Սարքը կարող է թռիչքի մեջ գտնվել մինչեւ 24 ժամ։ Թռիչքային առավելագույն զանգվածը 1150 կգ է, կրեյսերային արագությունը՝ 200 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7 կմ, անօդաչուի թեւի բացվածքը՝ 16 մ, երկարությունը՝ 8 մ։
Ռուս զինվորականներն անօդաչու համալիրի թռիչքային փորձարկումների շրջանակում «Ինոխոդեց» են կիրառել Սիրիայում ահաբեկիչներին ավիահարվածներ հասցնելու համար: Սարքերից մեկը Սիրիայում 38 թռիչք է կատարել, որից 17-ի ժամանակ հարվածներ է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին։