Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցով առաջին աշխատանքային հանդիպումը` Հայաստանի եւ Ռուսաստանի ոլորտային ընկերությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ:
Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ գլխավոր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության եւ արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: «Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց՝ կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026-ից հետո»,- ընդգծել է նա:
Աշխատանքային խմբի մասնակիցները ծրագրել են հետագա քայլերը. կրկնակի երկարաձգման եւ Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակում, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշում, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների եւ ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովում եւ այլ կարեւոր աշխատանքներ:
Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարվա վերջ:
Նշենք, որ երեկ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հայկական ԱԷԿ: Նա եղել է Տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել թիվ 2 էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման շրջանակում իրականացված աշխատանքներին, պլանային նախազգուշական վերանորոգման՝ ՊՆՎ-2021-ի ընթացքում հիմնանորոգվող եւ արդիականացվող համակարգերին ու սարքավորումներին: